ՌԴ շահագրգռված է խաղաղ Հարավային Կովկասով. Պեսկով
Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ, կանխատեսելիությամբ և վստահության մթնոլորտով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա մեզ համար հեռավոր տարածաշրջան չէ: Ռուսաստանն, ըստ էության, այս տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի երկիր է: Մենք ցանկանում ենք, որ Կովկասը ունենա խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխվստահության և անվտանգության մթնոլորտ»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Եվրամիությունն ինքնուրույն է նախաձեռնում միությանն անդամակցելու գործընթացներ, ուստի՝ պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը։ Դմիտրի Պեսկովը հավելել է, դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում (ԵՄ), այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում:
«Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ դեռևս դժվար է գնահատել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության նշանակությունը։
«Դա կախված է նրանից, թե ինչ կընդգծի հայկական կողմը», – գնահատել է Պեսկովը Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների և Հայաստանի հետագա հարաբերությունների հեռանկարները։