Պատասխան Արարատ Միրզոյանին
Անի Աբաղյանն Արցախից է, արտգործնախարար Արարատ Միրզոյանի ասուլիսին բարձրացրած հարցն էլ իր մասին էր, իր երազած վերադարձի մասին։
Եվ մինչև ԱԳ նախարարը բորբոքվում և Անիին ու նրա բախտակից հարյուր հազարավոր արցախցիներին էր մեղադրում Երևան գալով Արցախ վերադարձի մասին խոսելու համար, Անին շարունակում է անել իր՝ լրագրողի մասնագիտական գործը։ Հարցազրույցներ է վարում մասնագետների, փորձագետների, հանրային ու քաղաքական գործիչների, դիվանագետների հետ, որոնք հիմնավորում են, որ Արցախ հավաքական վերադարձը հնարավոր է, անհրաժեշտ է ամրացնել պետության դիրքերը, փոխել բանակցային օրակարգն ու բանակցողին։
Անին իր կյանքի 22 տարում հասցրել է 2 անգամ բռնել գաղթի ճանապարհը, ոչ իր կամքով, ոչ էլ իր մեղքով․ 2020-ին Հադրութից, իսկ 2023-ին Ստեփանակերտից դուրս եկած Անին անգամ գաղթի ճանապարհին էր աշխատում ու հույս տալիս․․․ բոլորիս։
Օրինակ` ռեպորտաժ էր պատրաստում գաղթի ճանապարհին հաց թխող ու բախտակիցներին կերակրող արցախցի կանանց մասին։ Արցախի հայաթափումը, հայրենազրկումն ու տեղահանությունը նաև դիվանագիտությա՛ն ձախողում էր։ Դիվանագիտություն, որը տեսանելի ոչինչ չարեց ամիսներ շարունակ փակված կյանքի ճանապարհը բացելու ու մեր հայրենակիցներին անհայրենիք ու թշվառական չթողնելու համար։
Արցախը հանձնելու համար արցախցիներին, Արցախի նախկին ու գործող ղեկավարներին մեղադրելու, Արցախի էջը վերջնականապես փակելու փոխարեն ՀՀ թիվ մեկ դիվանագետի համբավն ունեցող Միրզոյանը, լավ կանի՝ աշխատի։ Թեկուզ փակ դռների հետևում, թեկուզ գաղտնի խորհրդակցելով ավելի փորձառու դիվանագետների, կոմպետենտ մասնագետների հետ։ Ի վերջո արցախցիների վերադարձի մասին պարբերաբար խոսում են նաև միջազգային ամբիոններում՝ Էմանուել Մակրոնից և ֆրանսիացի դիվանագետներից, մինչև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օ’ Կամպո կամ ամերիկացի սենատորներ։
Արցախցիների վերադարձի մասին խոսողներին «շուտասելուկ ասողներ» կոչող Միրզոյանն ո՞ւմ է ակնարկում, այս պաշտոնյաների՞ն, վերադարձի մասին երազող արցախցիների՞ն, իրեն հակադրվող հայ դիվանագետների՞ն, ու՞մ։
Թվում է՝ արցախցիների հավաքական վերադարձի, արցախցիների իրավունքների ու խնդիրների մասին բոլորն ավելի շատ են խոսում, քան մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր են ոչ միայն խոսել, այլև գործել։
Հիշո՞ւմ եք այն ժամանակները, պարո՛ն Միրզոյան, երբ առիթը բաց չէիք թողնում Ձեր խոսքով՝ Ձեր սիրելի Արցախ այցելելու համար, երբ Արցախյան շարժումը ու ազատամարտը Հայոց պատմության ամենապանծալի էջն էիք համարում, երբ լուսանկարներ էիք հրապարակում Հայոց Արևելից Կողմերի հոգևոր կենտրոն Գանձասարից ու խոսում 13-րդ դարում Հասան Ջալալյանների պայքարի մասին, երբ նշում էիք, որ ոչ ոք չի կարող սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև։ Ի՞նչ փոխվեց, ինչպե՞ս պետությունն ու դուք սեպ խրող դարձաք։
Ստացվում է՝ Արցախի կորստի ու հայաթափման համար մեղավոր են բոլորը՝ բացի Արցախի անվտանգության երաշխավոր, բայց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Հայաստան պետության՝ ի դեմս ձեր իշխանության, որի տապալած դիվանագիտությունը հանգեցրեց ՀՀ անվտանգային համապարփակ համակարգի փլուզման։ Մեղավոր են բոլորը՝ Բաքվի բանտերում պահվող ռազմաքաղաքական ղեկավարներից (որոնցից ոմանց հետ, ի դեպ, Դուք ժամանակին հաճախ էիք հանդիպում, իսկ Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամում` աշխատում), մինչև ադրբեջանական ագրեսիայից մազապուրծ եղած արցախցիներ, Ռուսաստան, գուցե՝ Իրան, ԱՄՆ, Չինաստան, և, իհարկե, բոլորը՝ «նախկիններից» մինչև ձեր ապաշնորհ քաղաքականությունը չհասկացող «ներկաներ»: Բոլորը՝ բացի ձեզնից։ Իսկ գուցե սեփական անկարողությունն ընդունելն ու ժամանակին հեռանալը կօգներ կանխել Արցախի հայաթափումն ու անկումը, գուցե հիմա էլ ուշ չէ՝ հավաքական վերադարձն իրականություն դարձնելու համար։
Մարիա Կարաթորոսյան
ABC media-ի գլխավոր խմբագիր