ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր էսկալացիայի սցենարն իրատեսական է թվում. Известия
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր ճգնաժամ է գլուխ բարձրացրել, գրել է Известия-ն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել, որտեղ մանրամասն թվարկել է բազմաթիվ բողոքներ իր հարևանների դեմ։ Նրա խոսքով՝ Երևանը պետք է հրաժարվի զենք գնելուց և «ֆաշիստական գաղափարախոսությունից» և համաձայնի հարյուր հազարավոր ադրբեջանցիների ընդունել իր տարածքում։
Փորձագետները կարծում են, որ Բաքուն այսպիսով հող է նախապատրաստում նոր էսկալացիայի համար։ Ընդհանրապես, Ադրբեջանի ղեկավարն ուղղակիորեն խոսում է նոր պատերազմի իր պատրաստակամության մասին։ Բացի այդ՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի աշխարհաքաղաքական իրողությունները։ Փաստն այն է, որ Երևանի հիմնական դաշնակիցներն այժմ կանգնած են լուրջ դժվարությունների առաջ:
Այսպիսով, Կանադայում վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է իր հրաժարականի մասին, Ֆրանսիայում շարունակվում է կառավարական քաոսը, Ամերիկայում ավարտվեց «Սորոսի դարաշրջանը», իսկ Մերձավոր Արևելքում փլուզվեց Բաշար ալ-Ասադի ռեժիմը։ Կովկասյան հարցերով փորձագետ Ալեքսանդր Կռիլովը համարում է, որ Ադրբեջանի շահերից չի բխում խաղաղության պայմանագիր կնքելը, քանի որ Բաքուն կարող է ավելիին հասնել ուժի միջոցով։
«Խաղաղության համաձայնագիրը պարզապես կձևակերպի այն իրավիճակը, որն այսօր կա։ Բայց Հայաստանը շարունակում է թուլանալ, իսկ Ադրբեջանը կարծում է, որ դինամիկան իր օգտին է։ Նման պայմաններում՝ ավելի իրատեսական է թվում նոր էսկալացիայի սցենարը։ Միևնույն ժամանակ, խաղաղ բանակցությունները, ըստ ամենայնի, կշարունակվեն»,- նշել է փորձագետը: