10 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը պետք է ճանաչի քրիստոնյաների վտարումը Արցախից որպես էթնիկ զտում և պատասխանատվության ենթարկի Ալիևին. Մայքլ Ռուբին

Թրամփը պետք է ճանաչի քրիստոնյաների վտարումը Արցախից որպես էթնիկ զտում և պատասխանատվության ենթարկի Ալիևին. Մայքլ Ռուբին

21-րդ դարը բարեհամբույր չի եղել քրիստոնեության նկատմամբ։ Մինչ եվրոպացիները կամավոր հրաժարվել են իրենց հավատքից, շատ այլ քրիստոնեական համայնքներ շարունակում են պաշարման մեջ մնալ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է քրիստոնեական համայնքների պաշտպանությունը դարձնի իր երկրորդ ժամկետի արտաքին քաղաքականության անկյունաքարը, գրել է American Enterprise Institute-ի արտաքին և անվտանգային քաղաքականության ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը «հատկապես անողնաշար» էին այս հարցում: Նրանք ոչ միայն չեն կարողացել իրական ժամանակում կասեցնել Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, այլև այն բանից հետո, երբ Ադրբեջանը վտարել է տարածաշրջանի բնիկ, 1700-ամյա քրիստոնեական համայնքը, նրանք հրաժարվել են մեղադրել Բաքվին: Ինչպես նկատել է հեղինաակը, ո՛չ Բլինքենը, ո՛չ Փաուերը չեն ցանկանում ճանաչել Ադրբեջանի պատասխանատվությունը էթնիկ զտումների համար՝ փոխարենը նախընտրելով «դեպոպուլիացիա» արտահայտությունը։ Բլինքենը նույնիսկ վետո է դնում՝ Արցախի «բնակչության հայաթափումը» բռնի ուժով իրականացված լինելու վրա:

Ռուբինի խոսքով՝ Հայաստանի դեսպանատան ելքի մոտ հարցազրույցը NBC-ի թղթակից Անդրեա Միտչելի հետ չի փոխում Փաուերի ցինիզմի և դավաճանության ժառանգությունը: Ավելի շուտ, դա միայն խրախուսում է ռասիստներին և մոլեռանդներին կրկնապատկել իրենց ջանքերը:

«Անմիջապես Բլինքենի և Փաուերի թուլության շնորհիվ՝ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն այժմ սպառնում է իր էթնիկ զտումների արշավն իրականացնել Հայաստանի մնացած տարածքներում։ Թրամփը պետք է ուղղորդի Մարկո Ռուբիոյին, ում նա առաջադրել է Պետքարտուղարի պաշտոնում, ճանաչել քրիստոնյաների վտարումը Լեռնային Ղարաբաղից որպես էթնիկ զտում և պատասխանատվության ենթարկել Ալիևին»,- նշել է հոդվածագիրը: