Արևմտյան գործընկերների վրա խաղադրույք կատարելը սպառնում է չարդարացնել Հայաստանի ակնկալիքները և վտանգել նրա գոյությունը․ ՌԴ պատգամավորներ
Եվրամիությանն անդամակցելը կկործանի Հայաստանի ինքնիշխանությունը, կարծում է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։ Այդ կերպ նա արձագանքել է միությանը միանալ սկսելու երկրի իշխանությունների որոշմանը։ Պատգամավորը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է, որ այն, ինչ այսօր անում է Փաշինյանը և իր թիմը, նպատակ ունի խզել բոլոր կապերը ԲՐԻՔՍ-ում, Եվրասիական տնտեսական համայնքում և ՀԱՊԿ-ում։
«Այսինքն՝ սա ամբողջական թեքում է դեպի եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ, որոնք քայքայում են և կործանելու են Հայաստանի ինքնիշխանությունը», – կարծում է պատգամավորը։
Նրա խոսքով՝ ներդրվելու են «հոգևորության պակասի», «անսրտության», ընտանեկան արժեքների ոտնահարման արժեքները․ այն ամենը, ինչ այսօր ուզում են Փաշինյանն ու իր թիմը բերել Հայաստան։ Ուստի՝ Հայաստանի ժողովուրդն իր ավանդական քրիստոնեական արժեքներով բախվելու է նման գլոբալ մարտահրավերների, և դա, բնականաբար, լինելու է նույն ճանապարհով, որով գնում էր Ուկրաինան։
«Ուստի, եթե հայերը ուզում են նման ճակատագիր, ապա կգնան այս ճանապարհով։ Եթե նրանք ուզում են պահպանել իրենց ինքնիշխանությունը, իրենց ինքնությունը, ապա, բնականաբար, կդիմադրեն սրան։ Ամեն ինչ կախված է Հայաստանի ժողովրդից»,- նշել է քաղաքական գործիչը։
Մեկնաբանելով Երևանի որոշումը՝ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը հայտարարել է, որ Հայաստանը պետք չէ միությանը։ Նա կարծում է, որ երկիրը ներքաշվում է կազմակերպության մեջ որոշ «արևմտյան կուրատորների կողմից Ֆրանսիայից և ԱՄՆ-ից», ովքեր ցանկանում են ուկրաինական սցենարի կրկնություն։
«Հայաստանը քայլ առ քայլ կրկնում է Ուկրաինայի ճանապարհը դեպի անդունդ, որից այն կողմ միայն զինված հակամարտությունն է իր հարևանների հետ, որոնք չեն ցանկանում որևէ առնչություն ունենալ ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ։ Անգամ աշխարհագրական առումով՝ երկիրը ոչ մի կապ չունի ո՛չ Եվրոպայի, ո՛չ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի հետ, բայց նրա ղեկավարությունը համառորեն փորձում է բուին տեղավորել գլոբուսի վրա»,- նշել է պատգամավորը։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը կարող է հանգեցնել նրան, որ երկիրը կորցնի իր պետականությունն ու տարածքները, Gazeta.рu-ի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիքը։ Նա համոզված է, որ Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի հետ դաշինքներին ավելի ձեռնտու և կարևոր է, քան՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը։
«Արևմուտքը, ճնշում գործադրելով Հայաստանի վրա, պահանջել է, որ նա կոնկրետ գործողություններ ձեռնարկի Երևանի և Մոսկվայի միջև կապերն աստիճանաբար խզելու համար։ Արդյունքում՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական ինտեգրման մասին համապատասխան օրենքի նախագծին։ Եվ դրանում ավելի շատ քաղաքականություն կա, քան բուն Հայաստանի իրական կարիքը», – նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը կարող է ձգձգվել տարիներով, և Հայաստանը կզբաղեցնի իր տեղը նմանատիպ թեկնածու երկրների հերթում։
Պատգամավորը հավելել է, որ Երևանը պետք է ընտրի՝ մնալ եվրասիական կազմակերպություններում և ասոցիացիաներում, թե՞ հետևել ԵՄ-ին։
«Ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին շատ ավելի շահավետ և կարևոր է նրա համար և՛ անվտանգության, և՛ տնտեսական բաղադրիչի տեսակետից, քան՝ ԵՄ-ին անդամակցելու մշուշոտ հեռանկարը։ Ընդունե՞լ ակնհայտը, թե՞ մխիթարվել Արևմուտքի օգնության հույսերով, դա Երևանի որոշումն է: Ու թեև ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դեռ ցուցադրաբար սառեցված են, Երևանն այս միությունից դուրս չի եկել։ Իսկ ԵՄ-ի մաս դառնալու համար Հայաստանը պետք է դուրս գա մնացած բոլոր կառույցներից։ Այնուամենայնիվ, արևմտյան գործընկերների վրա խաղադրույք կատարելը վտանգում է չարդարացնել Հայաստանի ակնկալիքները, բայց եթե երկիրը, այնուամենայնիվ, որոշի անդամակցել ԵՄ-ին, դա կլինի բացառապես նրա պատասխանատվությունը»,- նշել է Բելիքը։