Կարևոր ենք համարում խաղաղության հաստատման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները. Ֆիդան
Հարավային Կովկասում բացվել է երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հնարավորությունների պատմական պատուհան։ Այս մասին տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարh Հաքան Ֆիդանը։
«Ես հավատում եմ, որ Հայաստանը նույնպես կգործի երկարաժամկետ ռազմավարական հեռանկարով։ Այս ուղղությամբ կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները: Մենք նշում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում խաղաղության օգտին և նպաստում է այս գործընթացում դրական առաջընթացին», – նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է դյուրացնել կողմերի միջև երկկողմ բանակցությունները՝ առանց միջնորդների։ Ֆիդանը նշել է, որ խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն տարածաշրջանի զարգացման գործում։ Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղ համաձայնագրի մնացած կետերը: Նախարարը հավելել է, որ Հարավային Կովկասում ստեղծված անկայուն իրավիճակը ոչ մեկին օգուտ չի տվել: Հաքան Ֆիդանը շեշտել է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է համաձայնեցնել մի քանի կետեր. «Մենք հույս ունենք, որ դրանք նույնպես կհամաձայնեցվեն 2025 թվականին»։