
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է խոշոր առճակատումների
Իրանը երբեք հույսը չի դրել օտարների վրա՝ իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Նման հայտարարություն է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գերագույն հրամանատարը։
Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ելույթ ունենալով ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի շտաբում, հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկիրը խոշոր մարտերի և երկարաժամկետ հակամարտությունների դեպքում․ հաղորդում է Mehr-ը։
«Տարիներ շարունակ մենք պատրաստվել ենք լայնածավալ մարտերի և նույնիսկ երկարատև առճակատումների աշխարհի մեծ տերությունների և նրանց տարածաշրջանային դրածոների հետ։ Ամեն օր մեր երկրի բոլոր մասերում հրթիռների և հրթիռային համակարգերի թիվն ավելանում է», – նշել է գեներալ Սալամին՝ հավելելով, որ իրանական հրթիռներն օրեցօր կատարելագործվում են իրենց որակով, քանակով և արտաքին տեսքով։
«Այսօր հնարավոր է միաժամանակ հարյուրավոր ինքնաթիռներ խոցել հաջորդական ալիքների միջոցով»,- ասել է նա։