Պաշտպանե՞լ տեղական արտադրողներին, թե՞ բացել դռները Թուրքիայի առաջ․ ահա՛, թե որն է խնդիրը․ EADaily
Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում ընդգծված քաղաքավարի են դարձել Թուրքիայի նկատմամբ։
Պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ դեռևս հաստատված չեն հարևան երկրի հետ, իսկ ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ։ Միևնույն ժամանակ, Անկարան ամբողջությամբ շարունակում է հավատարիմ մնալ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ավանդական գծին. դա կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորման և երկու անդրկովկասյան հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, գրել է EADaily-ին։
Միևնույն ժամանակ՝ Թուրքիան դրդում է Ադրբեջանին մոտ ապագայում խաղաղություն կնքել Հայաստանի հետ և նախապես հայտարարել է մինչև 2025 թվականի վերջ «պատմական փաստաթղթի» ստորագրման իր ակնկալիքները։ Անկարան, ի թիվս այլ բաների, կարող է շտապեցնել Բաքվին ոչ միայն Հայաստանում, այլև՝ Կենտրոնական Ասիայում իր հեռահար էքսպանսիոնիստական ծրագրերի պատճառով: Առևտրային հոսքերի համար փակ ցամաքային սահմանները (հայ-թուրքական և հայ-ադրբեջանական) Թուրքիայի համար արգելք են այս ճանապարհին, որը նա պետք է անհապաղ վերացնի, մինչ, օրինակ, Ռուսաստանի ուշադրությունն Ուկրաինայի վրա է: Թուրքիայի ղեկավարությունը տեսնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության եռանդը՝ թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, թե՛ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար և փորձում է օգտվել առիթից։ Իզուր չէ, որ անցյալ շաբաթ, ամփոփելով անցնող տարվա արտաքին քաղաքական արդյունքները, թուրքական դիվանագիտության ղեկավար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի համար «պատմական հնարավորությունների պատուհան» է բացվում։
Տնտեսական առումով՝ Թուրքիային չի հաջողվի անմիջապես էականորեն հետ մղել, առավել ևս՝ ստիպել Ռուսաստանին դուրս գալ հայկական շուկայից։ Թուրքական ապրանքները ներթափանցում են հարևան երկրի տարանցիկ հնարավորություններով փոքր, բայց հեռանկարային շուկա (ուղիղ դեպի Կենտրոնական Ասիա, եթե Անկարային և Բաքվին հաջողվի «խցկել», այսպես կոչված, «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը» Հայաստանի տարածքով) և արդեն բավականին կոշտ մրցակցության մեջ են մտել տեղական արտադրողների առանձին ապրանքախմբերի, օրինակ՝ «վաղահաս ծիրանի» հետ։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների (հանքարդյունաբերություն, տրանսպորտ, սննդամթերք) աշխատողների կողմից Հայաստանում պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաներին կարող են գումարվել նաև «ծիրանի բունտները»։ Այս հեռանկարն իշխանությունների համար շատ տարակուսելի է թվում խորհրդարանական ընտրություններից մեկուկես տարի առաջ։
Փաշինյանի կառավարությունը կարող է կանգնել բարդ ընտրության առաջ, եթե, իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսի գործնականում կյանքի կոչվել մինչև 2026 թվականի հունիսը՝ կա՛մ լայն բացել դռները թուրքական բիզնեսի առաջ՝ գյուղատնտեսության ոլորտում իր հզոր արտահանման ներուժով, կա՛մ պաշտպանել տեղական արտադրողներին, օրինակ՝ ներմուծման մաքսատուրքերով:
Վերջին դեպքում՝ իշխանությունները կպահպանեն իրենց սոցիալական բազան իրենց համար ճակատագրական ընտրություններին ընդառաջ (հանրապետության գյուղական բնակչությունը հիմնականում քվեարկում է Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին), սակայն նրանք կարող են մեծապես վրդովել իրենց թուրք գործընկերներին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում, ինչն, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա նաև Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու խնդրի վրա։