
Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները
Ժնևում մեկնարկել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իրանի միջև միջուկային խնդրի շուրջ փակ բանակցությունները․ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Բանակցություններն ընթանում են առանց լրատվամիջոցների ներկայության, գործակալությունը չի բացահայտել անցկացման վայրը և մասնակիցների ճշգրիտ թիվը:
Ավելի վաղ ISNA-ն, հղում անելով Իրանի ներկայացուցիչ Ղարիբ-Աբադիին, հայտնել էր, որ հունվարի 13-ին տեղի կունենա քննարկումների նոր փուլ Իրանի և արևմտյան մի շարք երկրների մասնակցությամբ: Հանդիպման գլխավոր թեման միջուկային գործարքի կնքումն է։
Նույն օրը Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին խոսել էր Մոսկվայի և Թեհրանի միջև կնքվելիք համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին` նշելով, որ փաստաթուղթը ներառում է 47 հոդված։