Կրեմլն արձագանքել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին ստորագրվելիք փաստաթղթին
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, ավելի շուտ՝ ընդհակառակը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ունի իր երկկողմ հարաբերությունները և դրանք ռուսական պետության համար թանկ են։ Ամենակարևորը, ըստ Պեսկովի, ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներն են։
Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: