ՌԴ-ի հետ համագործակցությունը զգալի դիվիդենտներ է ապահովում Հայաստանի և նրա ժողովրդի համար. Պեսկով
Ռուսաստանը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները: Մենք մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է: Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցությունից և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։
«Բացի երկկողմ ասպեկտներից, մեզ համար, իհարկե, շատ կարևոր են մեր փոխգործակցության ասպեկտները ինտեգրացիոն գործընթացների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Այս ամենը միասին վերցրած համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է ապահովում Հայաստանի և նրա ժողովրդի համար»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև փաստաթղթի ստորագրումը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում: «Կարելի է նույնիսկ հակառակը պնդել: Եվ հենց այդ գործողությունների համատեքստում է, որ ԱՄՆ-ն, իհարկե, ամեն կերպ փորձում է իր հետևից քաշել ավելի ու ավելի շատ երկրների»,- լրագրողներին ասել է Պեսկովը: