ԵՄ-ին միանալու գործընթացը դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
Մոսկվան Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նրանք ասում են, որ չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն: Բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկա իրավիճակը»,- նշել է ՌԴ փոխվարչապետը: Նրա խոսքով՝ սա Հայաստանի կառավարության որոշումն էր: «Հաջորդ քայլերը Հայաստանի կառավարությանն է. նրանք կա՛մ պնդում են, որ նման հարց ՀՀ կառավարության օրակարգում չկա, կա՛մ չեն ցանկանում, չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն, կա՛մ կգնահատեն, թե որտե՞ղ իրենց համար ավելի լավ կլինի: Տեսնենք, թե ինչպե՞ս կզարգանա իրավիճակը»,- նշել է Օվերչուկը:
«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք սկսեցինք տեսնել, որ ԵՄ-ին անդամակցելու քննարկումների ազդեցության տակ ինչպես ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում»,- նշել է ՌԴ փոխվարչապետը: Նա հավելել է, որ Հայաստանի տնտեսական աճը ցույց է տալիս, որ երկիրը ԵԱՏՄ-ին անդամակցության հիմնական շահառուն է։ Միաժամանակ Օվերչուկը սխալ է անվանել լրատվամիջոցների ներկայացուցիչների այն հարցը, թե արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է Երևանի տեղը զբաղեցնել ԵԱՏՄ-ում։ «Հարցը չի կարելի այսպես դնել, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը միշտ էլ երկրի անկախ որոշումն է, որը, ելնելով իր շահերից, որոշում է՝ անդամակցել-չանդամակցել։ Այստեղ ակնհայտ օգուտներ կան»,- հայտարարել է փոխվարչապետը։
Նախարարն ընդգծել է, որ դրանք բաղկացած են էներգետիկ և պարենային անվտանգության ապահովումից և տնտեսության զարգացման համար կայուն պայմանների ստեղծումից, և ամենակարևորը առանց խոչընդոտների մուտքն է հսկայական շուկա, որտեղ կա ապրանքների պահանջարկ այդպիսի երկրից։ ԵՄ-ի հետ Երևանի առևտուրը մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության հետ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։ «Կա 11 ամսվա թարմ վիճակագրություն. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ փոքր է և նվազում է»,- նշել է նա:
«Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը նախաձեռնողները հիանալի հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ բան է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել իրենց ունեցած տնտեսական օգուտներն ու առավելությունները որպես ԵԱՏՄ անդամ երկիր»,- հավելել է Օվերչուկը։