15 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցք». ու՞մ որքանո՞վ է ձեռնտու այս ճանապարհը և քաղաքական ի՞նչ հավակնություններ ունեն հարևան երկրները Նախիջևանի նկատմամբ․ Քգթ Աբրահամ Գասպարյանի և պատմաբան Արմեն Սարգսյանի հոդվածի առաջին հատվածը

«Զանգեզուրի միջանցք». ու՞մ որքանո՞վ է ձեռնտու այս ճանապարհը և քաղաքական ի՞նչ հավակնություններ ունեն հարևան երկրները Նախիջևանի նկատմամբ․ Քգթ Աբրահամ Գասպարյանի և պատմաբան Արմեն Սարգսյանի հոդվածի առաջին հատվածը

Genesis Armenia ուղեղային կենտրոնը հրապարակել է Քգթ Աբրահամ Գասպարյանի և պատմաբան Արմեն Սարգսյանի՝ «Քաղաքական հավակնությունները Նախիջևանի նկատմամբ, և «Զանգեզուրի միջանցք»–ի բացման հնարավոր ազդեցությունները» վերնագրով հոդվածի առաջին հատվածը, որը ներկայացնում ենք ստորև․

«Մաս առաջին

Ադրբեջանի քաղաքականությունը Նախիջևանում։   Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը թեպետ Ադրբեջանի կազմում է, բայց ունի առանձնահատուկ ռազմավարական և քաղաքական նշանակություն Հարավային Կովկասում։ Այն անկլավ է և գտնվում է Հայաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, ինչը նրան դարձնում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական դինամիկայի առանձնահատուկ մասնիկ։ Հետևաբար, Ադրբեջանը խիստ վերահսկողություն է սահմանել Նախիջևանի նկատմամբ՝  չնայած նրա ինքնավարությանը։

Բաքվի ազդեցությունը շատ զգալի է առանձնապես պետական ղեկավարման,  անվտանգության և ռազմական ոլորտներում, իսկ տնտեսական  ոլորտում Ադրբեջանի ներդրումը խիստ սահմանափակ է,  կամ կարելի է ասել բացակայում է։ Փաստորեն, Նախիջևանի նվազագույն կենսամակարդակն ապահովվում է առանց Ադրբեջանի մասնակցության։ Աjսինքն, Ադրբեջանի մասնակցությունն  Ինքնավար Հանրապետության  տնտեսական գործերին  խիստ  սահմանափակ է։ Հետևաբար, վերոհիշյալը շտկելու և իր ազդեցությունը Նախիջևանի տնտեսության վրա տարածելու համար Ադրբեջանը  հիմնական ուշադրությունը դարձնում է կոմունիկացիոն կապերի ստեղծմանը Նախիջևանի հետ, և բնական է, որ  առաջին հերթին նրա ուշադրությունը սևեռված է Նախիջևանի հետ  ցամաքային կապին, որը ստացել է «Զանգեզուրի  միջանցք» անունը։

Նախիջևանը դիտվում է որպես Ադրբեջանի համեմատաբար աղքատ և մեկուսացված շրջան։ Չնայած վերջին տարիներին որոշակի ներդրումներ են կատարվել հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, բայց, այդուամենայնիվ, և՛ բնակչությունն է բավական սահմանափակ, և՛  արտագաղթն է մնում լուրջ խնդիր։

Ըստ Ադրբեջանի ընդդիմության՝  Նախիջևանից արտագաղթողների և ներգաղթողների պատկերը հետևյալն է․ Թուրքիա արտագաղթածներ՝ 40000–45000, Իրան՝ 12000, Ռուսաստան՝ ավելի քան 125000։ Նկատելի է նաև Թուրքիայի արևելյան շրջաններից բնակչության ներհոսք Նախիջևան, որի գերակշիռ մասը քրդեր են, որն էլ մտահոգիչ է Ադրբեջանի իշխանության համար, ժողովրդագրության տեսակետից, որոնց  թիվն արդեն հասնում է մոտ 10000 մարդու։

Շեշտենք նաև, որ Ադրբեջանի կողմից Նախիջևանը հստակ օգտագործվում է որպես ռազմական պլատֆորմ՝ հաշվի առնելով Հայաստանի հետ սահմանային դիրքը։ Առանձնապես վերջին տարիներին Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ, մեծացրել է իր ռազմական ներուժը  Նախիջևանում, որն  ակնառու էր հատկապես Արցախյան 2020 և 2023 թթ․ պատերազմների ժամանակ։

Նախիջևանում Ադրբեջանի քաղաքականությունը` իրավունքների սահմանափակման տեսանկյունից: Ադրբեջանը պարբերաբար փորձում է սահմանափակել Նախիջևանի իրավունքները, որոնք նախատեսված են Ինքնավար Հանրապետության շրջանակներում, նույնիսկ այն դեպքում, երբ Նախիջևանում  փորձում են կատարել առանձին բարեփոխումներ։ Ադրբեջանի նպատակն է թուլացնել, իսկ հետո նաև լուծարել  Նախիջևանի կարգավիճակը, որն  իր հետ բերում է նաև մարդու իրավունքների խախտման գործընթացներ։ Օր․՝ վերջերս Ադրբեջանի կենտրոնական իշխանության որոշմամբ Նախիջևանի հարկային մարմինները  ուղղահայաց ձևով ենթարկեցրին Բաքվին, ինչը հակասում է Նախիջևանի սահմանադրությանը։ Նախիջևանի տարածքում` ինչպես Ադրբեջանում, իրականացվում են  կոշտ վարչական քաղաքականություն  և ուժեղ վերահսկողություն։

Ադրբեջանի և  Նախիջևանի հարաբերությունների վերաբերյալ մի քանի կարևոր գործոններ․

1․ Նախիջևանը թեև հանդիսանում է Ադրբեջանի Ինքնավար Հանրապետություն, սակայն աշխարհագրորեն այն բաժանված է Ադրբեջանից։ Նախիջևանի սահմանները Ադրբեջանից համեմատաբար օտարացած են, քանի որ այն սահմանակից է միայն Հայաստանին, Իրանին և Թուրքիային։ Ի դեպ նշենք, որ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող ինքնավար միավորներից միայն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ու ԼՂԻՄ–ն են անվանվել աշխարհագրական և ոչ թե էթնիկ անվանումներով, այլապես  պետք է անվակոչվեին  Հայկական Ինքնավար Հանրապետություն, և Հայկական Ինքնավար Մարզ։

2․ Ռազմական անվտանգություն։ Նախիջևանն ունի իր յուրահատուկ ռազմավարական դիրքը, որը միշտ չէ, որ համընկնում է Ադրբեջանի ռազմական նկրտումներին։

3․ Թուրքիայի և Իրանի  ազդեցություն։ Թուրքիայի  աջակցությունն Ադրբեջանին նույնպես ազդում է Նախիջևանի իրավիճակի վրա։ Թուրքիան օրեցօր փորձում է ավելի ուժեղացնել իր տնտեսական և անվտանգային վերահսկողությունը Նախիջևանի վրա։ Իրանը ևս օրեցօր փորձում է ուժեղացնել իր տնտեսական ազդեցությունը Նախիջևանի վրա։

4․ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություն։ Ընդհանուր հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հանգեցնում է զինված բախումների աճին և շփումների  իսպառ սառեցմանը։ Հետևաբար, Նախիջևանը դառնում է ռազմական բռնակ Ադրբեջանի ձերքին։

5․ Էներգետիկ նախագծեր։ Հայաստանի հետ պատերազմական վիճակը հանգեցնում է առանձնապես մի շարք էներգետիկ նախագծերի տապալմանը Նախիջևանում։

6․ Սոցիալական խնդիրներ։ Ադրբեջանի հետ քաղաքական և այլ խնդիրները  տանում են դեպի  սոցիալական լարվածության։

Այս ամենը ստեղծում է ոչ պարզ  իրավիճակ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որտեղ տարածաշրջանային շահերը, անվտանգության հարցերը, և քաղաքական տեսլականները միասնականորեն ձևավորում են որոշակի լարվածություն, և որը ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության դեպքում կարող է վերածվել  հակադրության։

Օր․՝ այսօր Նախիջևանի հասարակության մի մասը Նախիջևանի ապագան տեսնում է անկախության և ազատ տնտեսական գոտու  ստեղծման մեջ։

Հիշեցնենք նաև, որ 1990թ․ հունվարի 19–ին Նախիջևանի ԻԽՍՀ–ի Գերագույն խորհրդի նախագահությունը, որը ղեկավարում էր Հեյդար Ալիևը, որոշում ընդունեց, որում նշվում էր, որ «Նախիջևանի ԻԽՍՀ–ը դուրս է գալիս ԽՍՀՄ–ի կազմից և իրեն հայտարարում է անկախ Հանրապետություն»։ Դրա համար վկայակոչվում են  Կարսի պայմանագիրը և պայմանագրի  կոպիտ խախտումները։ Նշենք նաև, որ այս որոշումն  առ այսօր իրավաբանորեն չի բեկանվել։