ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ի իշխանությունների կողմից ինքնագովազդվելու հնարք է․ փորձագետներ
Հայաստանի ղեկավարությունը փորձում է դաշնակիցներ գտնել, որոնք կօգնեն նրան դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի տանդեմին, գրել է Известия-ն։ Ինչպես նշվել է, խնդիրները, սակայն, շատ են։ Եվրոպական երկրներից ոչ մեկը Երևանին ռազմական օգնության երաշխիք չի տալիս։ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրում, կարծես թե, նշվում է պաշտպանական ջանքերի համակարգումը, սակայն Իսրայելի, Ճապոնիայի կամ Հարավային Կորեայի հետ Վաշինգտոնի սերտ դաշինքներին նման ոչինչ չկա։
Ավելին, մեծ հարցն է, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում այս համաձայնագրին Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։ Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Նիկոլայ Սիլաևը պարբերականի հետ զրույցում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումն անվանել է Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակայնության հնարք, որն իրականում որևէ կերպ չի ազդի անվտանգության իրավիճակի վրա։
«Սա մեծ նորություն կլինի Հայաստանի ներսում։ Իշխանությունները դա կօգտագործեն ինքնագովազդելու համար՝ ցույց տալու, որ իրենք շատ բան են անում անվտանգության ապահովման համար։ Իրականում սա ոչ մի կերպ չի օգնի Երևանին, քանի որ պարտավորություններ չկան։ Ընդհանրապես, Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին հաճախ խորհրդանշական է եղել։ Նրանք խորհրդանշական կերպով լքում են ՀԱՊԿ-ը, թեև իրավաբանորեն մնում են կազմակերպության անդամ, և այժմ խորհրդանշականորեն ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերում ԱՄՆ-ի հետ։ Այս ամենը կարող է վերածվել ցավալի սթափության, քանի որ Ադրբեջանի սպառնալիքները միանգամայն իրական են», – պատճառաբանել է նա։
Քաղաքագետ Ստանիսլավ Տկաչենկոն Взгляд-ի հետ զրույցում նշել է, որ Մոսկվայի համար շատ անցանկալի է, որ Հայաստանում աշխատեն ամերիկացի զինվորականներ։ Դա լարվածություն կստեղծի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը սերտաճում են։
«Բացի այդ՝ Միացյալ Նահանգները հավանաբար կազդեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վրա։ Սակայն Ռուսաստանի համար ամենատհաճ կետը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ռազմական շփումներն են։ Փաստորեն, Երևանն ամերիկացիներին հնարավորություն է տալիս ներկա գտնվել տարածաշրջանում, որտեղ սերտաճում են Իրանի և Ռուսաստանի շահերը։ Սա լարվածություն կստեղծի»,- կանխատեսել է փորձագետը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանն արդյունավետորեն հարվածում է սեփական արդյունաբերությանը և արտահանմանը։