Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում երբեք խոսք չի եղել ՀՀ-ում արտատարածքային միջանցքների ստեղծման մասին․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսական «Շաբաթվա լուրերը» հաղորդման ժամանակ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին նկատառումներին ՀՀ արձագանքը, նշել է, որ ռուսական հեռուստատեսությամբ լրագրողական հայտարարություններին Հայաստանի արձագանքը տարակուսելի է։ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է Երևանին։
«Մենք միշտ լսել ենք Երևանից, որ ՀՀ-ն հանձնառու է խոսքի ազատությանը, առավել ևս, ներկայիս ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ դարձրել է դա իր հրամայականը։ Մեր պետության պաշտոնական դիրքորոշումը Երևանին շատ լավ հայտնի է։ Դրա էությունը մենք բազմակի բարձրաձայնել ենք։ Մենք նշում ենք Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ հիմնված եռակողմ պայմանավորվածությունների վրա», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ ամեն բան շատ հստակ գրված է դրանցում։
Զախարովան ընդգծել է, որ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում երբեք խոսք չի եղել ՀՀ-ում արտատարածքային միջանցքների ստեղծման մասին։ Հակառակը՝ պայմանավորվածություն է եղել, որ երկրներն ունենան ինքնիշխանություն իրենց տարածքով անցնող երթուղիների վրա։ «Ցավոք, արևմտականների ապակառուցողական ազդեցությամբ՝ ՀՀ որոշմամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքային խմբի աշխատանքը փակուղի է մտել», – նշել է Զախարովան։