ՌԴ-Իրան պայմանագիրը կազդի տարածաշրջանի անվտանգության ոլորտի համագործակցության վրա. դեսպան
ՌԴ-ի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը կազդի Մերձավոր Արևելքի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության վրա․ այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Անկասկած, կազդի, որովհետև և՛ Իրանն է տարածաշրջանում ուժեղ և ազդեցիկ երկիր, և՛ Ռուսաստանն է մեծ և ուժեղ երկիր։ Ուստի բնական է, որ մենք Ռուսաստանի հետ կենտրոնացրել ենք և կկենտրոնացնենք մեր բոլոր հնարավորությունները տարածաշրջանում կայունություն և անվտանգություն պահպանելու համար»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Արևմտյան Ասիայում գտնվող արտատարածաշրջանային ուժերն իրենց համարում են անվտանգության պատասխանատու, բայց հենց նրանք են ապակայունացման պատճառ դարձել, քանի որ գործում են իրենց օգտին և չեն մտածում, թե ինչն է օգտակար տարածաշրջանի համար:
«Այնպես որ այս համաձայնագրում շոշափվում են նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են աշխարհի միաբևեռության դեմ պայքարը, բազմաբևեռության պաշտպանությունը, համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»,- նշել Է դիվանագետը: