18 Հուն
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ ժողովուրդը նույնական չէ այսօրվա իշխանությունների հետ, մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան

Հայ ժողովուրդը նույնական չէ այսօրվա իշխանությունների հետ, մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը․

«…Աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիների ազատում քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու…» (Ղուկ. Դ:18-19):

Մեր Տեր Հիսուս Քրիստոս, մարգարեին հղում կատարելով, խորքային նկարագրում և բնորոշում է անկում ապրած հասարակության էությունը՝ աղքատացած և արժեքներից զրկված, սրտով բեկված, կուրացված, գերեվարված, կեղեքված, որն ընդունակ չէ որևէ իրագործումի և դեգերում է քաոսի և անորոշության բավիղներում: Սակայն, մյուս կողմից, մեր Տերն Ինքն իսկ առաջարկում է դեղամիջոցը և քայլ առ քայլ՝ աստիճանական կամ ամբողջական լուծման ճանապարհը.

ա) ավետարանել,

բ) բժշկել,

գ) ազատություն քարոզել,

դ) տեսողություն կամ արթնություն, այսպիսով՝

ե) ազատագրել կամ ազատագրվել

և վերջապես հասնել Տիրոջը ընդունելի տարին հռչակելուն, այսինքն՝ հաղթանակի և կատարյալ ազատության:

Մեր այս շատախոսիկ և շատ հաճախ դատարկախոսիկ իրականության մեջ, երբ հասարակությունը ենթարկվում է գրեթե ամենօրյա տեղեկատվական ահաբեկության՝ թե՛ կեղծ լուրերի և թե՛, առավել սարսափելին, կեղծ օգտահաշիվների կողմից, որը միտված է մարդուն զրկելու հասարակական պատասխանատվություն ստանձնելու քաջությունից, գրեթե մոռացության է մատնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես հայ գերիների՝ Բաքվի բանտերում տառապանքի մատնված լինելու հանգամանքը:

Բաքվում ընթանում են մեր գերեվարված հայրենակիցների «դատավարությունները։

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ Ի՞նչ է նշանակում Հայաստան պետության համար, Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների, ընդհանրապես հայ հանրության և մեզանից յուրաքանչյուրի համար։

Մենք կցկտուր տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են պահվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները և մեր մյուս հայրենակիցները Բաքվի բանտերում։ Հայաստան պետությունը՝ ի դեմս այսօրվա «իշխանությունների», ոչ միայն տեր չկանգնեց իր զավակներին, այլև, ըստ ամենայնի, խրախուսում է նրանց պատանդառության հանգամանքը։

Սակայն հայ ժողովուրդը, հայ հասարակությունը և հայկական սփյուռքը նույնական չեն այսօրվա իշխանությունների հետ, և մեր պատասխանը, մեր վերաբերմունքը պետք է միանգամայն տարբեր լինեն այն վախվորած, դավաճանական և թշնամական շահերից բխող գործելակերպից, որը որդեգրել են այսօրվա «իշխանությունները»։

Մենք տեղյակ չենք նաև, թե ինչ ցուցմունքներ է Բաքուն փորձել կորզել նրանցից և ինչի է ցանկանում հասնել: Բայց պարզից էլ պարզ է, որ գերեվարվածների հետ Բաքուն վարվում է այնպես, ինչպես ցանկանում է՝ ականջալուր չլինելով որևէ միջազգային արձագանքի:

Այսուհանդերձ, պետք է շատ լավ հասկանանք, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ, այսպես կոչված, «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար։ Մենք պիտի շատ լավ պատկերացնենք, թե ինչպիսի´ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները», և թե ինչ ճնշման տակ են գտնվել բոլոր պատանդները։ Սա նշանակում է, որ Բաքուն շարժվում է միայն սեփական հստակ օրակարգով, որը կարող է բովանդակել ամեն ինչ՝ բնականաբար դեմ լինելով Հայաստանի և Արցախի շահերին։ Այսինքն՝ այս դատավարությունները մեծ վնասներ և սպառնալիքներ են պարունակում, որոնց դիմագրավելուն մենք պետք է պատրաստ լինենք։

Մեր անելիքը

Ըմբռնելով հանդերձ մեր հասարակական կյանքի հոգևոր և քաղաքական կաթվածահարության աստիճանը, տեղեկատվական գրոհներն ու ահաբեկչությունը.

Ա. Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին՝ անվերապահ աջակցություն  հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին։

Բ. Աջակցության բովանդակությունը պետք է լինի շատ հստակ. Հայ ժողովուրդը միասնական է Բաքվի պատանդառած իր հայրենակիցներին զորակցության հարցում՝ վստահեցնելով, որ մենք նրանց կողքին ենք, և որ Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո´չ մեր աջակցությունը, և ո´չ էլ Հայաստանի և հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու համար՝ ի տես աշխարհի, ի տես մեր ներքին և արտաքին բոլոր թշնամիների՝ հավաստելով, որ մենք տեր ենք մեր հայրենակիցներին, և որևէ թշնամական դատավարություն չի կարող մեզ ջլատել և մեր կարծիքը փոխել նրանց մասին։

Դ. Կոչ եմ անում բոլոր կարող կազմակերպություններին և անհատներին Հայաստանում և սփյուռքում՝ ի մի բերելու իրենց տեղեկատվական և կազմակերպչական բոլոր միջոցները՝ այս հարցում միասնություն և արդյունավետ ընթացք ապահովելու համար:

Զ. Այս խնդրի շուրջ տարակարծություններ չպետք է լինեն՝ պայմանավորված քաղաքական կամ որևէ այլ դիրքորոշումով:

Ձեզ զգացեք նրանց փոխարեն… Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…

«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ» (Եբր. ԺԳ 3)»: