Բաքվում Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտման» խնդիր է դրված, որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա․ Աբրահամյան
Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է:
Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:
Ինչու՞ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն:
Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա:
Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ:
Այն, որ այդ «ցուցմունքն» արդեն ունեն` հստակ է, այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանի դեմ ինչպես կօգտագործեն կամ շանտաժային քաղաքականությունում ինչ նոր նյուանսներ կմտցնեն»,- գրել է նա: