21 Հուն
2025
5° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում․Լավրով   

Տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում․Լավրով  

Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, որը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նախորդ տարին հեշտ չէր երկկողմ հարաբերությունների համար: Այսօր մենք վճռական ենք անկեղծորեն քննարկել օրակարգային բոլոր հարցերը, որոնք կարևոր են այն մթնոլորտի ոգով, որին աջակցում են մեր առաջնորդները՝ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դուք կարևոր եք Ռուսաստանի Դաշնության համար», – նշել է Լավրովը:

«Համոզված եմ, որ մենք այժմ կառուցողականորեն կուսումնասիրենք առկա բոլոր խնդիրները, մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ», – հավելել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ոլորտներում: «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար այն եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով, որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին երեք երկրների ղեկավարների կողմից»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Մոսկվայի տեսանկյունից՝ «այդ պայմանավորվածությունները մնում են արդիական՝ հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո»։

«Տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում»,- հավելել է Լավրովը: Լավրովը նշել է նաև Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում։

«Մենք հենց նոր խոսեցինք առևտրատնտեսական հարաբերությունների մասին, որոնք աճում են։ Առևտրաշրջանառությունը ռեկորդային մակարդակի է հասնում՝ անցած տարի հասնելով գրեթե 12 միլիարդ դոլարի»,- նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությունը տպավորիչ արդյունքներ է տալիս Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում։