Ֆիդանը զրուցել է Ռուբիոյի և Արաղչիի հետ, քննարկել Սիրիան և հայ-ադրբեջանական հակամարտությունը
ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, և երկու երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանում։ Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Սիրիայում ներառական անցման անհրաժեշտությունը՝ երաշխավորելով, որ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր։
Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Քարտուղարը նաև իր խորին ցավակցությունն է հայտնել Թուրքիայում Բոլուի հյուրանոցի ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների և վիրավորների համար։
Ֆիդանը նաև հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ։ Վերջինս վերահաստատել է Իրանի աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ներքին հակամարտություններից խուսափելու և բոլոր քաղաքական, էթնիկ և կրոնական շարժումների մասնակցությամբ ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը: