Չինաստանը դեղին լույս է վառել Հայաստանի համար ու սպասում է մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը․ Չինաստանում ՀՀ նախկին դեսպան
Չինաստանը դեղին լույս է վառել Հայաստանի համար ու սպասում է մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանը անդրադառնալով հարցին, թե ինչու Չինաստանը Հայաստանում արդեն 7 ամիս դեսպան չունի։
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին, դրանից հետո նոր դեսպան չի նշանակվել։
«Սա նորմալ երևույթ չէ։ Սա նշանակում է, որ խնդիր կա, թե ինչքանով է այդ խնդիրը լուրջ, կյանքը ցույց կտա, բայց ֆիքսենք այն, ինչ կա»,– ասաց Մանասարյանը։
Նա համոզված է, որ խնդիրն այս պահին Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն են, քանի որ հետխորհրդային բոլոր փոքր պետությունների հետ հարաբերություններ ստեղծելիս Չինաստանը տվյալ պետության և Ռուսաստանի միջև հարաբերությունները դիտարկում է որպես լակմուսի թուղթ։
«Այսինքն` եթե հարաբերությունները նորմալ են, ուրեմն կանաչ լույս է, ու չինացիները գնում են առաջ։ Իսկ եթե մենք այլ ուղղության ենք ձգտում` դեպի Արևմուտք, դա եթե ոչ կարմիր ապա դեղին լույս է չինացիների համար։ Իմ խորին համոզմամբ` չինացիները այսօր ունեն դեղին լույս մեր առաջ, ու նրանք սպասում են, թե ինչ է տեղի ունենալու, ոնց է շարունակվելու, որտեղ ենք մենք գնալու»,– հավելեց նախկին դեսպանը։
Մանասյանի կարծիքով` անցել են ժամանակները, երբ Հայաստանը կկարողանար բոլորի հետ լեզու գտնել ու համակերպվել բոլորի հետ։ Ըստ նրա` այսօր պետք է հստակ որոշել` որտեղ ես, ում հետ ես և ոնց ես շարունակում ապրել։