Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ․ Փաշինյանի հարցազրույցի առանցքային կետերը
Մեր պլաններում ընտրություններ չկան. մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում իրականացնել։
Սոցիալական ցանցերում իմ ակտիվությունը առավել մեծ թափանցիկությունից է բխում։
Իմ աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամը 5-ին և ավարտվում է ուշ երեկոյան, իսկ մեր ինստիտուտներն աշխատում են նույնիսկ այն ժամանակ, երբ ես հեծանիվ եմ քշում։
Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք նոր էսկալացիա գեներացնելու խնդիր են դրել։
Մեր ռազմավարությունն այն է, որ թույլ չտանք էսկալացիա և ստեղծենք ու արձագանքեն ամեն ինչին այնպես, որ բացառվի պատերազմը և դրա լեգիտիմացիան։
Այն, որ մենք 2024թ.-ին ունեցել ենք վերջին 15-20 տարվա ամենահանդարտ իրավիճակը, կապված է այս ռազմավարության հետ։
Մենք ինչ-որ բաների համարժեք չենք պատասխանում ոչ թե նրա համար, որ պարապ ենք մնացել, այլ որովհետև հասկանում ենք այդ խոսույթի մեջ սադրանքի առկայությունը։
Մարզերում, երբ մանկապարտեզներ են բացում, ես հարցնում եմ՝ ինչքա՞ն է վճարը, հիմնականում պատասխանում են` 7-8 հազար դրամ. երեխայի մանկապարտեզի վարձն ամբողջությամբ վերադարձնում ենք ծնողի վճարած եկամտահարկից, ի՞նչ վատ է որ։
Եթե քաղաքացիներն օգտվեն համընդհանուր հայտարարագրի այս կարգավորումներից, մինչև 70 մլրդ դրամ կարող է վերադարձնենք քաղաքացիներին։
Այս վերադարձի գումարները մենք անվանում ենք սոցիալական կրեդիտներ։
Մենք հիմա էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարները չեղարկելու որոշում ենք կայացրել։ Այսինքն՝ նախատեսված 3000 դրամը կհանենք։
Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը, որովհետև, երբ մենք բանակը վերափոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի դիսկուսի ներքո, մեզ ոչ ոք ոչ միայն զենք չի վաճառի և ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ միջազգային հանրության տեսանկյունից կդարձնենք թիրախ։
Հին օրհներգի ու նոր օրհներգի հարց դրված չէ, ընդամենը հետևյալի մասին է՝ մենք ի՞նչ բառերով ենք ուզում, որ մեր օրհներգն ավարտվի։
Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ։
Մեզ ասում են՝ տեսեք զենք են առնում, որ մեր տարածքները գան, օկուպացնեն, և այս խոսույթի ներքո նրանք (Ադրբեջանը) նոր էսկալացիաներ ձևավորելու հիմնավորումներ են ձևավորում։
Եթե մենք Արարատի նկարով գնանք, ասենք՝ մեզ զենք տվեք, մեզ զենք չեն տա, որովհետև ոչ ոք չի ուզում Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել։
Ես ասում եմ՝ ՀՀ քաղաքացիներ, մենք պետք է այսօր, վաղը, հավերժ մնանք այս ռազմավարության մեջ, որովհետև դա է, որ կապահովի մեր պետության հարատևությունը. հակառակ դեպքում մենք մեր պետությունը ոչնչացնելուն ուղղված կոալիցիաներ ենք ստեղծելու մեր պետության շուրջ։
Ես ասում եմ՝ մեր ինքնությունը կապված է ՀՀ-ի հետ. ես ուրիշ ինքնություն չունեմ։ Ժամանակակից աշխարհում ինքնությունները կապվում են պետությունների հետ։
Մեր ինքնությունը, որը մենք պահպանել ենք նաև պետություն չունենալու հատվածներում, մենք պահպանել ենք միայն այն ինստիտուտների և արժեքների շնորհիվ, որոնք ձևավորել ենք պետականություն ունենալու շրջանում։
Եթե մենք ուզում ենք անկախ պետություն լինել, պետք է հայրենիքը և պետությունը նույնականացնենք։
Մարդն ապրում է Ավստրալիայում և երազում է մի օր վերադառնալ իր պապերի ծննդավայրը, ի՞նչ կապ ունի այստեղ ՀՀ-ն։
Ես Բաքվի գերիներին քաղաքական հակառակորդ չեմ համարում։
Մենք հետախուզական տեղեկություններ ունենք , որ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ կորզեն։
Մենք բոլոր հասու միջոցներով քորցում ենք գերիների հարցը լուծել։
Այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն այլ երկրներում, և տարիներով չեն կարողանում հետ բերել։
Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին։
Եթե սահմանազատման հանձնաժողովները գան փոխըմբռնման, որ կարալի է մի տարածքը փոխանակել մյուս տարածքի հետ, ապա այդ հարցը պետք է լուծվի համընդհանուր հանրաքվեի միջոցով։