30 Հուն
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից. Պուտինը խոսել է բանակցելու մասին

Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից. Պուտինը խոսել է բանակցելու մասին

Ուկրաինայում հակամարտությունը կարող է 1,5 -2 ամսից ավարտվել, եթե ավարտվեն հովանավորչական փողերն ու փամփուշտները. այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հայտարարել է, որ Արևմուտքն է համոզել Կիևին շարունակել պատերազմը. Ուկրաինայի ինքնիշխանությունը գրեթե զրոյական է։

«Ինչպես հայտնի է, այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եկել էր, հավանաբար ամերիկյան նախկին վարչակազմի դրդմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, և համոզեցին ուկրաինացիներին շարունակել պատերազմը։ Ըստ էության` դա ոչ ոք չի էլ թաքցնում, և հենց իրենք՝ ուկրաինացի բավականին բարձրաստիճան պաշտոնյաներն ուղղակիորեն հրապարակավ ասացին այդ մասին։ Եվ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունն էլ դա չի թաքցնում, նույնպես բացահայտ խոսում է այդ մասին։ Նրանք հրաժարվեցին այդ համաձայնագրից և որոշեցին շարունակել պատերազմը»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է՝ Ուկրաինայի հետ բանակցությունները սկսվել են հատուկ ռազմական գործողության սկզբից, Մոսկվան Կիևին առաջարկել է հեռանալ ԼԺՀ-ից և ԴԺՀ-ից, և այդ ժամանակ մարտական գործողություններ չէին լինի:

Պուտինը հայտնել է, որ պատրաստ է առանձնացնել այն մարդկանց, ովքեր կբանակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, եթե նա ցանկանում է մասնակցել բաակցություններին։ Միաժամանակ ՌԴ նախագահը շեշտել է՝ բանակցել կարելի է ցանկացածի հետ, միայն թե իր ոչ լեգիտիմ լինելու պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև փաստաթղթերի ստորագրման հարցում ոչ մի սխալ չի կարող լինել, ամեն ինչ պետք է հղկվի:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ հնարավոր բանակցությունների ժամանակ պաշտպանելու է սեփական երկրի շահերը։

«Սա շատ լուրջ հարց է, որը պետք է երաշխավորի և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի անվտանգությունը լուրջ, երկարատև, պատմական հեռանկարով․.. Մենք, բնականաբար, կհասնենք նրան, ինչը մեզ պետք է, ինչը համապատասխանում է մեր շահերին»,- ասել է Պուտինը։