Սիրիայի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են հարաբերությունների վերականգնման հարցը
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ Շարաան քննարկել են Դամասկոսի և Մոսկվայի հարաբերությունների վերականգնման հարցը․ այս մասին ասվում է Սիրիայի նոր իշխանությունների հայտարարության մեջ։
«Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Սիրիայում ներկայում տեղի ունեցող դրական փոփոխություններին։ Բանակցություններում քննարկվել է Ռուսաստանի դերը սիրիացի ժողովրդի հետ հարաբերությունների վերականգնման հարցում՝ կոնկրետ միջոցներով, ինչպիսիք են փոխհատուցումները և վերականգնմանն աջակցումը», – ասվում է փաստաթղթում։
Սիրիայի իշխանությունների հայտարարության համաձայն՝ նոր վարչակազմի ղեկավարը «վերահաստատել է հանձնառությունը սկզբունքային փոխգործակցությանը բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Սիրիայի ապագայի կառուցման համար՝ հիմնված արդարության, արժանապատվության և ինքնիշխանության վրա»:
Նոր վարչակազմը նաև ընդգծել է, որ հարաբերությունների վերականգնումը պետք է հաշվի առնի անցյալի սխալները, հարգի սիրիացի ժողովրդի կամքը և ծառայի նրա շահերին։
Հունվարի 28-ին ռուսական միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է Դամասկոս և բանակցություններ վարել Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարի հետ։ Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ Բոգդանովն ասել է, որ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ և եղել է կառուցողական։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը նախկինի նման աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Դամասկոսում կայացած հանդիպմանը ռուսական պատվիրակությունը հայտարարել է հանրապետությունում խնդրահարույց հարցերը բոլոր քաղաքական ուժերի և էթնոկրոնադավանական խմբերի մասնակցությամբ ներառական երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։
Բոգդանովը նշել է, որ կողմերը քննարկել են նաև Սիրիայում ռուսական ռազմակայանների պահպանման հարցերը։
Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցները համաձայնել են շարունակել խորհրդակցությունները, այս պահին Սիրիայի տարածքում ռուսական ներկայության հարցում փոփոխություններ չկան: