
Պատրաստվո՞ւմ են ՀՀ քաղաքացիները հայտարարագիր լրացնել․ հարցման արդյունքներ են հրապարակվել
ՀՀ քաղաքացիների 83 տոկոսը տեղյակ է, որ մինչև 2025 թվականի մայիսի մեկը բոլոր աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր։ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հարցումների արդյունքներ է հրապարակել և տեղեկացրել, որ հարցվածների 17%-ը տեղյակ չի եղել հայտարարագրման մասին։
«Պատրաստվո՞ւմ ենք ներկայացնել եկամուտների հայտարարագիր հարցին «միանշանակ այո» է պատասխանել 18,5%-ը, ավելի շուտ այո՝ 19,1% է նշել, ավելի շուտ ոչ՝ 18,2%։ 31,7%-ը նշել են, որ չեն պատրաստվում ներկայացնել այդ հայտարարագիրը»,-ասել է Նավասարդյանը։
Հարցման արդյունքներով պարզվել է, որ քաղաքացիների միայն 9,8 տոկոսն է տեղյակ, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը։
«18,9%-ը նշել է, որ ավելի շուտ տեղյակ է։ Կարծում եմ՝ ստեղծված բարդ համակարգի պատճառով, այս պատասխանը տվողները հետագայում հանգելու են նրան, որ իրենք տեսնեն՝ տեղյակ չեն իրականում»,-ասել է Նավասարդյանը։
Հարցվածների 52,9% -ը նշել է, որ ընդհանրապես տեղյակ չէ։ «Սա, կարծում եմ, խոսում է այդ բարեփոխումների կամ ասենք այդ նոր գաղափարի մտածվածության և ճիշտ իրականացման գաղափարի մասին։ Տեսնում ենք, որ գերակշիռ մասը մեր քաղաքացիների տեղեկացված չէ»,-ասել է Արամ Նավասարդյանը։