Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կերկարաձգվի երկու տարով
Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստել գետնի վրա հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:
Ըստ Հայաստանում Եմ առաքելության, այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաև ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը փաստացի ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպաններն այսօր արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին:
Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ – ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։
«Հաշվի առնելով տարածքի զգալի չափերը՝ առաքելությունն իր տրամադրության տակ եղած ռեսուրսներով ի վիճակի չէ նկատել սահմանի երկայնքով տեղի ունեցող ցանկացած միջադեպ», – տեղակայումից հետո հայտարարել էր դիտորդական առաքելությունը, մանրամասնելով՝ «պարեկները ձգտում են այցելել այն վայրեր, որտեղ տեղի են ունեցել միջադեպեր, այնուհետև զեկուցել այդ մասին Եվրամիության կենտրոնակայան՝ հիմք ընդունելով բաց աղբյուրներից ու վստահելի ականատեսներից ստացված տեղեկությունները»։