31 Հուն
2025
-3.9° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հետաձգել է պաղեստինցիների ազատ արձակումը բանտերից ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շրջանակում

Իսրայելը հետաձգել է պաղեստինցիների ազատ արձակումը բանտերից ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շրջանակում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը կարգադրել են սառեցնել պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը․ այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ միասին կարգադրել են հետաձգել ահաբեկիչների ազատ արձակումը, որը նախատեսված էր այսօր, քանի դեռ չի երաշխավորվել մեր պատանդների անվտանգ ելքը հաջորդ փուլերում: Իսրայելը միջնորդներից պահանջում է հասնել դրան»,-ասվում է հայտարարության մեջ։

Այսօր ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումն ազատ էր արձակել իսրայելցի երեք պատանդների և Թաիլանդի հինգ քաղաքացիների, որոնք 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պահվում էին պաղեստինյան անկլավում։ Խան-Յունիսում Կարմիր Խաչի ներկայացուցիչներին երկու իսրայելցիների փոխանցման ժամանակ տեղում պաղեստինցիների բազմություն է հավաքվել, պատանդներին անցկացրել են ամբոխի միջոց։ Նեթանյահուն պատանդներին ազատելու այսպիսի պայմանները գնահատել է որպես սպառնալիք նրանց անվտանգությանը։

Ակնկալվում էր, որ այսօրվա փոխանակման արդյունքում Իսրայելը ազատ կարձակի 110 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում` ահաբեկչության համար ցմահ դատապարտվածների: