ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է ռազմական թևի հրամանատարի մահը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է «Ալ Քասամ» բրիգադների (շարժման ռազմական թևի) հրամանատար Մուհամմեդ ալ Դեյֆի և նրա տեղակալ Մարվան Իսայի մահը. այս մասին հայտարարել է բրիգադների ներկայացուցիչ Աբու Ուբեյդան։
«Մենք սգում ենք «Ալ Քասամ» բրիգադների հրամանատար Մուհամմեդ ալ Դեյֆի և նրա տեղակալ Մարվան Իսայի մահը»,- ասել է Աբու Ուբեյդան տեսաուղերձում։
2024 թվականի օգոստոսին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ վերացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Մուհամմեդ ալ Դեյֆին այդ տարվա հուլիսի 13-ին Խան Յունիսում տեղի ունեցած հարձակման ժամանակ։
Հիշեցնենք` Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ է գործում հունվարի 19-ից։