ՄԵղրին հանձնելու հարց չի եղել, իսկ ինչու՞ է Պետքարտուղարությունը հենց հիմա գաղտնազերծում այդ փաստաթղթերը․ ABCmedia-ն զրուցել է Լևոն Քոչարյանի հետ
Բանակցությունների, որոնք սկսել էին 1999-ից, վերջնակետը եղել է Քիվեստում այն թուղթը, որն առաջարկվել է կողմերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի խոսքով՝ այդ փաստաթղթում Մեղրին հանձնելու մասին խոսք չի եղել։
«Քննարկվում էր Արցախը Հայաստանին միացնելու հարցը, որի դիմաց Ադրբեջանը ստանալու էր վերգետնյա ճանապարհ։ Հիմա այն, ինչ-որ հրապարակել են իրենք, ավելի ճիշտ կլիներ հենց քիվեստյան փաստաթուղթը հրապարակեին։ Կարծում եմ՝ մեր դիվանագիտությունը այդտեղ փայլուն աշխատել է։ Այդ գործընթացի վերջում ստացվել էր մի փաստաթուղթ, որի մասին հիմա շատերը կերազեին»,- նշել է Քոչարյանը։
Հարցին, թե ինչու՞ հենց այս օրերին գաղտնազերծվեց բանակցություններն ու հրապարակվեց նոր փաստեր, Քոչարյանը նշեց․
«Կարող եմ ենթադրել, որ այս փաստաթղթերը հենց հիմա են գաղտնազերծվել, որովհետև Փաշինյանը Ադրբեջանի հետ քննարկում է Մեղրիով ճանապարհ տալու թեման։ Երևի իրենք ուզում են իրենց հարազատ ոճով ցույց տան, թե իբր որոշված էր ամեն ինչ, միևնույնն է, պետք է այդպես լիներ։ Այդ զիջումը, որ առաջիկայում սպասվում է, ուզում են այսպիսով արդարացում տալ։ Տարբերությունն այն է, որ բանակցությունների արդյունքում մենք Արցախ էինք ստանում, հիմա չունենք Արցախ, բայց չգիտես՝ ինչու ճանապարհի թեման է քննարկվել»։
Քոչարյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը տեղյակ են եղել Հեյդար Ալիև-Ռոբերտ Քոչարյան տետատետ հանդիպման մասին։ Թե ինչու գործընթացը հաջողությամբ չի պսկավել, գաղտնիք չէ՝ ընդգծում է Լևոն Քոչարյանը։
«Այդ բանակցություններին դեմ է արտահայտվել Հեյդար Ալիևը»,- եզրափակել է Լևոն Քոչարյանը։