01 Փտր
2025
-3.9° c ԵՐԵՎԱՆ
-0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ե՞րբ կմտնի Թուրքիան Կովկաս. մաս 2․ Genesis Armenia-ն հրապարակել է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի հոդվածը

Ե՞րբ կմտնի Թուրքիան Կովկաս. մաս 2․ Genesis Armenia-ն հրապարակել է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի հոդվածը

Genesis Armenia ուղեղային կենտրոնը հրապարակել է քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանի՝ «Ե՞րբ կմտնի Թուրքիան Կովկաս» վերնագրով հոդվածի 2-րդ մասը (հոդվածի 1-ին մասը՝ այստեղ)․

Միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի տեսանկյունից միջպետական պայմանագրերը, միջազգային իրավունքի սուբյեկտների միջև ձեռք բերված համաձայնագրերը, դաշնագրերը, հայտարարությունները, որքան էլ ֆորմալ և լեգալ առումով (չեմ անդրադառնում պայմանագրերի բովանդակային մասին և դրանց կիրառական նշանակությանը) ունեն նախապատրաստման ու կիրառման արարողակարգային ու ֆորմալ բնույթ, այդուհանդերձ,  դիվանագիտական և քաղաքական պրակտիկայում այդ պայմանագրերի ճակատագիրը կամ արդյունավետ կիրառումը կախված է այլ հանգամանքներից: Միջազգային ոչ մի պայմանագիր, համաձայնագիր, հայտարարություն, վստահության ամրապնդման միջոցառումներ, քաղաքական կշիռ չունեն և չեն կարող ունենալ, եթե այդ պայմանագրերի տակ բացակայում է ուժերի բալանսի կամ հարաբերակցության իրողությունը: Եթե պետության ստորագրած իրավական փաստաթղթի տակ չկա ռազմական, դիվանագիտական և քաղաքական կշիռ, որն արտացոլված կլինի պայմանագրի կամ հայտարարության տողատակերում, այդ փաստաթղթի քաղաքական և կիրառական հեռանկարը դառնում է մշուշոտ: Եթե պետության ռազմաքաղաքական կշիռն ու կարողականությունը, եթե նույնիսկ համազոր չէ, գոնե մոտ էլ չէ պայմանագիրն ստորագրող մյուս սուբյեկտի հնարավորություններին, ապա նման փաստաթղթերի պիտանելիությունը մնում է հարցական, դառնում ծուղակ հետագա արկածախնդրությունների համար, հակամարտության դեպքում՝ սրացման, ռեէսկալացիայի: Իսկ եթե ուժերի հավասարակշռությունը պահպանվում է, պայմանագրերն ստորագրող կողմերը պարտավոր են հաշվարկել ու կառավարելի դարձնել պայմանագրով նախատեսված դրույթների չկիրառման, խախտման կամ միակողմանի խզման ռիսկերը:

Հարցը դիտարկենք նաև միջպետական կոնֆլիկտների համատեքստում. որքան էլ միջազգային իրավունքի սուբյեկտների կնքած համաձայնագրերը վայելեն միջպետական հովանավորություն, երաշխիքներ, համապարտադիր կիրառման դրույթներ, որոնց չկատարումը կառաջացնի իրավաքաղաքական հետևանքներ, այդուհանդերձ, խնդրի կարգավորման մեխանիզմները չեն կարող տեղավորվել միայն պայմանագրերի տեքստային դրույթներում և իրավակիրառ պրակտիկայում:

2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայում սկիզբ առած հակաիսրայելական օպերացիայի հետևանքով՝ Թել Ավիվը սպանեց 46 հազար պաղեստինցու` 90 տոկոսը խաղաղ բնակիչներ, 34 հազարը՝ կանայք և երեխաներ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձև ի զորու չեղավ կասեցնել պատերազմական հանցագործությունների այս ընթացքը: Վաշինգտոնում Սպիտակ տան դեմոկրատ վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, ընդամենը հպանցիկ ակնարկով դատապարտող հայտարարություն արեց, պնդելով, որ Իսրայելն իրավունք չունի անկանոն հրթիռակոծել Գազայի անկլավը, բայց միաժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնն ամեն գնով աջակցելու է Իսրայելին և պաշտպանելու է իր անվտանգությունը: Բենիամին Նեթանյահուի նման փորձված քաղաքական գործիչը շատ լավ հասկացավ, որ Բայդենի այսպիսի թույլ կեցվածքն ու դիրքորոշումը կարելի է օգտագործել, առավել ևս, որ 2023 թ. հոկտեմբերի 18-ին, այսինքն՝ «Ալ Աքսայի ջրհեղեղ» օպերացիայից տասն օր անց Բայդենը այցելել էր Թել Ավիվ և հստակորեն ընդգծել Իսրայելի անվտանգության ապահովման անհրաժեշտությունն ու Սպիտակ տան հանձնառությունն այդ հարցում:

Այս համատեքստում հետաքրքիր է ընդգծել փաստը, որ Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնությունից կարճ ժամանակ անց, Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետը՝ Հերզի Հալևին, հրաժարականի դիմում ներկայացրեց, որովհետև «չէր կարողացել իսրայելցիների շրջանում քաղաքացիական, թե զինվորական, զոհերի թիվը պահել խելամտության սահմանում»: Հասկանալի է՝ պատերազմ է ընթացել և զոհերն անխուսափելի են, բայց զոհերի թվաքանակի անկառավարելիությունը դարձավ պաշտոնանկության կամ հրաժարականի պատճառ: Սա, բնականաբար, պայմանավորված չէր միայն պաշտոնյայի որոշմամբ. Իսրայելում ռազմաքաղաքացիական հարաբերություններն ունեն հարուստ ավանդույթներ, այս երկրում քաղաքականությունը մշակվում, իրականացվում և վերահսկվում է՝ հաշվի առնելով պետության շահը և ինստիտուցիոնալ հիշողությունը: Նմանատիպ դեպքերի ականատես ենք եղել Իսրայելի ստեղծման օրվանից, երբ այդ պետությունն ստեղծվեց «կրակի մեջ»՝ 1948-ին, 3 տասնամյակ շարունակեց կայանալ ու գոյատևել պատերազմներով (1956թ, 1967թ, 1973թ), և այս բոլոր պատերազմներից հետո Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետերը կամ Պաշտպանության նախարարները կամ կանչվել են հարցաքննության, կամ էլ ինքնակամ հեռացել են պաշտոնից՝ ենթարկվելով խորհրդարանական կամ դատական, քննչական մարմինների ու հանձնաժողովների հարցաքննությանը:

Հայաստանի անվտանգության վերաբերյալ աշխարհի քաղաքական արձագանքի բովանդակության մեջ պետք է փոփոխություն կատարել: Նախ՝ պետք է  պետության ներքին ու արտաքին լսարանին ուղղված խոսույթն ու գործողություններն իրար համընկնեն, պետությունը և նրա նպատակներն արտահայտող քաղաքական իշխանությունը պիտի ունենա քաղաքական արժեքային համակարգ, կարմիր գծեր, որոնք սակարկելի չեն: Աներկբա է՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ միջազգային հզոր պետությունների հետ հավասարության սկզբունքով բանակցելն անիրատեսական է, բայց բանակցողի կարմիր գծերի արտահայտումը ընկալելի կդարձնեն մեր կենսական և անվտանգային շահերի շրջագծերը: ՀՀ իշխանությունը չունի կարմիր գծեր, չունի որոշումների ընդունման ամերիկյան և եվրոպական, ռուսական և չինաստանյան կենտրոնների հետ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությամբ բանակցային օրակարգ, հստակ հայեցակարգ և գործողությունների ճանապարհային քարտեզ, հուսալիություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահություն, հարգանք ու միջանձնային հուսալի կապեր: Ադրբեջանի նախագահի հակահայկական և ռազմատենչ հռետորաբանության ակտիվացման, ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ անհիմն և կեղծ հավակնությունների ֆոնին ՀՀ-Ադրբեջան բանակցային պրոցեսում ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի, լինելու է Հայաստանի զգոնության թեստավորում. նման փատաթղթի ստորագրումը չի երաշխավորելու, որ ՀՀ ինքնիշխան տարածքը չի ենթարկվի ագրեսիայի կամ հարձակման, փաստ, որն անգամ ընդունել են ՀՀ իշխանությունները:

Խնդիրը մի փոքր խճճված է և հակառակ փաստին, որ տասնյակ պատճառներով Թուրքիան առայժմ զորք չի մտցնի ՀՀ՝ սկսած ամերիկյան կամ ռուսական ընդդիմությունից մինչև թուրքական բանակի կարգավիճակի հստակեցումը Սիրիայում, մինչև տնտեսական ու աշխարհաքաղաքական հետևանքներ…, հակառակ այս փաստին, եթե Թուրքիայի աշխարհաքաղաքական դերի բարձրացմանն ուղղված էրդողանյան քաղաքական ախորժակը սահմանափակվի Սիրիայում, չեմ բացառում, որ թուրքական ռազմական ակտիվություն կնկատենք Նախիջևանի հետ սահմանին: Եթե ԱՄՆ նոր նախագահ Թրամփը կարողացավ հետասադյան Սիրիայի անվտանգության նոր ճարտարապետության մեջ բավարարել թե՛ քրդերին, թե՛ թուրքերին, ապա Թուրքիան չի ակտիվանա Հարավային Կովկասում: Եթե Անկարայի ախորժակը զսպվեց Սիրիայում և բավարարվեցին իր պահանջները՝ թեկուզև մասնակի, ապա Սյունիքում թուրքական բանակի գործողություններն առաջիկայում կհամարեմ քիչ հավանական: Այսուհանդերձ՝ Թուրքիան, Ադրբեջանի միջոցով, պատրաստվում է հնարավոր բոլոր սցենարներին.

Առաջին տարբերակ՝ բլիցկրիգ, կամ արագ հարձակում. ադրբեջանական բանակը մտնում է Սյունիք, ճեղքում է առաջնագիծը, Հայաստանին փաստի առաջ կանգնեցնում և պարտադրում կապիտուլիացիա. նման պարագայում ՀՀ իշխանությունը հայտարարելու է, որ պետք է խուսափել նոր պատերազմից ու զոհերից և ստորագրել փաստաթուղթ, «որը կբխի Հայաստանի ինքնիշխանության և ռազմավարական շահերից»: Ի դեպ, Նախիջևանում Թուրքիան ու Ադրբեջանն անցկացրին հերթական զորավարժությունը, որի խաղարկային սցենարը Սյունիքի գրավումն է: Նման սցենարի դեպքում ադրբեջանական բանակը դիմելու է ինտենսիվ հրետակոծության, լայնածավալ հարձակողական գործողությունների, անօդաչու սարքերի և տեխնիկայի օգտագործմանը:

Երկրորդ տարբերակ՝ մասնակի սադրանքներով ներթափանցում. Նպատակը սահմանային փոքր հատվածներ գրավելն է՝ սեփական զորքերի տեղաշարժի համար բարենպաստ դիրքեր ձեռք բերելը: Այս սցենարն ուղեկցվելու է մեդիա և լրատվական հսկայական քարոզարշավով, Բաքուն մեղադրելու է ՀՀ-ին սահմանային սադրանքներ իրականացնելու համար: Նման սցենարի դեպքում լինելու են պայմանական ասած՝ «սահմանային մարտեր», որոնք կարող են վերաճել լայնածավալ պատերազմի։ Պաշտոնական Երևանին դժվար է լինելու դիվանագիտական աջակցություն ստանալ, եթե գործողությունները ներկայացվեն որպես «սահմանային խնդիր»։

Երրորդ տարբերակ՝ լայնածավալ պատերազմ. նպատակը ՀՀ-ին կապիտուլիացիա պարտադրելն է: Ադրբեջանական բանակն ամբողջ ճակատով ներխուժելու է ՀՀ տարածք՝ ռազմական օդուժի, տեխնիկայի և կենդանի ուժի զանգվածային ներգրավմամբ։

Ի՞նչ պետք է անել պատերազմի կամ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծման դեպքում: Իրանը և Ռուսաստանը կարող են համաձայնեցնել իրենց գործողությունները՝ կանխելու տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ընդլայնումը։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Մոսկվան ու Թեհրանը հանդես գան որպես գեոպոլիտիկ հակակշիռներ՝ աջակցելով Հայաստանի ինքնիաշխանության պահպանմանը։

Երկրորդ՝ պետք է դիվանագիտական բոլոր ջանքերը գործածել՝ ձևավորելու Իրան-Ռուսաստան-Հայաստան գործակցության նոր ձևաչափ՝ անվտանգային հարցերի շուրջ։ Եթե ադրբեջանական հարձակումը վերաճի լայնածավալ պատերազմի, ինչը հավանական չեմ համարում, ապա Թեհրանն ու Մոսկվան կարող են համատեղ ուժեր ուղարկել Հայաստան՝ տարածաշրջանը կայունացնելու նպատակով։ Վերջինս հավանական չեմ համարում, այսուհանդերձ՝ վիճակի վատթարացումը կարող է ծնել ոչ ստանդարտ լուծումներ: Խոսքն առհասարակ Մեծ Մերձավոր Արևելքի մասին է: Եթե Թրամփի վարչակազմը՝ Իսրայելի հետ միասին, սեղմի օղակը թուրքերի և Սիրիայի՝ առերևույթ թուրքամետ իշխանության դեմ և նպաստի, որ քրդերն ունենան ինքնավարություն Սիրիայում, ապա խնդիրը կբարդանա և մենք կհայտնվենք Անկարայի ագրեսիայի նշանառության տակ: Այս դեպքում Թուրքիան մեղադրելու է Հայաստանին, որ Սյունիքի տարածքում ապաստան է տվել Քրդստանի բանվորական կուսակցության զինյալներին, որոնց Անկարան համարում է տեռորիստներ, և հակատեռորիստական օպերացիայի քողի ներքո ներխուժելու է ՀՀ՝ բացելու դեպի արևելք գնալու իր ճանապարհը: Խնդիրը բազմաշերտ է և առնչվում է մի քանի պետության ռազմավարական շահերին: