02 Փտր
2025
4.2° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղարիբ Բաբայանի շինծու դատավարությամբ Փաշինյանը ցուցմունք տվեց ինքն իր դեմ․ Լիլիթ Գալստյան

Ղարիբ Բաբայանի շինծու դատավարությամբ Փաշինյանը ցուցմունք տվեց ինքն իր դեմ․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Բաբայանի երեկվա դատավարությունը վարչախմբի պարագլխի վախերի և անկարողության ուղիղ պրոյեկցիան է։

Նա լավ է հասկացել՝ պատասխանատվությունից չի փախչի։

Արցախն Ադրբեջանին հանձնելուց և Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ոչ միայն չվերջացավ նրա “գլխացավը”, այլև միջազգայնորեն դատապարտելի նոր հանցանքներ վերցրեց իր վրա՝ ստանձնելով ագրեսոր երկրի ղեկավարի հանձնառություններից բխող ողջ պատասխանատվությունը։

Հրապարակ նետված նախադասությունը, թե Բաքվում հոգեմետ միջոցների ազդեցությամբ են ցուցմունքներ կորզվում, գրոշի արժեք չունի։

Ինչպես գրոշի արժեք չունեցավ “նշաձողի իջեցումը”, COP 29-ի համաձայնությունը, “գործընկերոջ բարեկրթությունը”, Արարատը Արագածով, Հայրենիքը խոցված պետությամբ, Ազգայինը պետականով փոխելու գիտականորեն կեղծ ու մարդկայնորեն ողորմելի դիսկուրսները, Թրյուդոյի գուլպաները․․․։

Հենց դո՜ւ հնարավորություն տվեցիր, որ Ցեղասպան-ագրեսոր երկիրը քեզ ֆաշիստ ու սեպարատիստ համարի ու շարունակի մարսել։

Աշխարհը լռում է կամ համաձայն է, ոչ միայն գազային/էներգետիկ/ շահերից ելնելով, նաև հիմք ընդունելով այն կանաչ լույսը, որ դո՜ւ վառեցիր Ադրբեջանի առջև՝ ուրանալով Արցախը։

Ինքդ քո դեմ ՑՈՒՑՄՈՒՆՔ հենց այդ պահին ես տվել․․․

Երեկվա՝ Ղարիբ Բաբայանի շինծու դատավարությամբ էլի հաճոյանում էիր “բարեկիրթ” գործընկերներիդ, թե “ազգայնամոլությունն ու ֆաշիզմն” ես արմատախիլ անում։

Ուզում եք Ազգային անվտանգության հայեցակարգ փոխեք, Քրեական նոր Օրենսգիրք գրեք, Ոստիկանությունն ամբողջովին կարմրացրեք, ձեր մատնահարդարներին, վարսավիրներին, թիմակից պետական պաշտոնյաներին ու նրանց կանանց ներգրավեք “կրթարշավներում”, պատմության բոլոր դասարանների դասագրքերը հանձնեք ձեր սրտի պատմաբանի գրչին, զինանշան ու օրհներգ փոխեք, դրանով ո՜չ Արցախի ուրացումն է ջնջվելու, ոչ էլ՝ անձամբ վարչախմբի պարագլուխն է խուսափելու պատասխանատվությունից։

Ձեր կենսունակության բոլոր՝ քաղաքական և բարոյական լեգիտիմության ռեսուրսները սպառվել են, ձեզ ոչինչ էլ չի փրկում․․․»։