Ո՞վ և ի՞նչ խաղ է խաղում. Ցեղասպանության և պատմության վերանայումն ու ազգային ինքնության ոչնչացումը․ քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի հոդվածը
Genesis Armenia ուղեղային կենտրոնը հրապարակել է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի՝ «Ո՞վ և ի՞նչ խաղ է խաղում. Ցեղասպանության և պատմության վերանայումն ու ազգային ինքնության ոչնչացումը» վերնագրով հոդվածը․
«ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հայկական համայնքի որոշ բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ մտքեր, որոնք ամբողջությամբ հակագիտական են, մանիպուլյացնող, ստահոդ և տեղավորվում են ՀՀ իշխող վարչախմբի գաղափարաբանական մոտեցումներում, հակասում ՀՀ և հայ ժողովրդի ազգային-պետական շահերին և հավաքական ինքնության հիմնասյուներին: Հանդիպումը կայացավ հենց այն քաղաքում, որտեղ 2006-ին թուրք հայտնի ժխտողական, ազգայնամոլ Դողու Փերինչեքը դատապարտվեց ազատազրկման և տուգանվեց Հայոց ցեղասպանության անժխտելի փաստը մերժելու և քարոզելու համար:
Առաջին հայացքից սովորական, գիտականության շղարշով պատված, բայց խորքային առումով չափազանց վտանգավոր հայտարարություններ, որով գործող իշխանության պարագլուխը մեզ տանում է բարձր ռիսկայնության դաշտ և որի հետևանքները հետո ենք զգալու: Նա անհեռատես չէ, որ բացահայտորեն հերքի պատմական իրողությունը, պարզապես հակագիտական և պոպուլիստական այդ մտքերն ուղղված են ներհայկական և արտաքին լսարանի այն հատվածներին, որոնցից նա աջակցություն է ակնկալում իշխանությունում երկարակեցությունն ապահովելու հարցում:
Սոցիալական հոգեբանության ոչ մի վաստակավոր գիտնական դեռ Հայոց ցեղասպանության և, ընդհանրապես, ցեղասպանությունների հարցի ամբողջական պատկերը չի կարողացել ներկայացնել։ Ոչ մի պատմաբան ու քաղաքագետ ի վիճակի չի եղել Ցեղասպանության կամ հրեաների ողջակիզման հոգեբանական հետևանքները հաղթահարելու մասին անել այնպիսի խորքային և ամբողջական հետազոտություն, որն ուղենշային կլինի այս բարդագույն և բազմաշերտ խնդրի լուծումները որոնելու և կիրառելու հարցում: Փաշինյանի հայտարարությունը թակարդ է, որի նպատակը Հայոց ցեղասպանության իրավաքաղաքական հետևանքների վերացման հարցը թաղելն է, հայկական ինքնության հարցը կենցաղային հոգսերի քողի տակ թաքցնելը, խաղաղ ու համերաշխ ապրելու կեղծ թեզի մեջ փաթեթավորելը: Փորձեմ կոդազերծել Փաշինյանի ձևակերպումներն ու վերլուծել շերտերը։
- Պատմության ընկալման խնդիրը: Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «պատմության ընկալումը թողել ենք ինքնահոսի»։ Սա գիտականորեն սխալ թեզ է, քանի որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը եղել է հետևողական պրոցես թե՛ ակադեմիական, թե՛ քաղաքական մակարդակներում։ Հայ և օտարազգի հարյուրավոր պատմաբաններ, մտավորականներ, հոգեբաններ ու իրավաբաններ մեկ դարից ավելի աշխատել են ոչ միայն փաստաթղթավորելու պատմական ճշմարտությունը, այլև այն ներառելու միջազգային իրավունքի դրույթներում և ատյաններում։ Կոնկրետ մեկ փաստ. Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը ձևավորել է 20-րդ դարի ցեղասպանագիտության հիմնասյուները։ Ռաֆայել Լեմկինն իր «Genocide» եզրույթը ձևակերպել է Հայոց ցեղասպանության հիման վրա։
- Ցեղասպանության վերապրողի հոգեբանություն
Փաշինյանը հարց է բարձրացնում, թե «ի՞նչ է նշանակում լինել ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ»։ Գիտական մոտեցմամբ՝ ցեղասպանությունը վերապրած ժողովուրդները երեք հիմնական ուղի են որդեգրել.
- Արդարության վերականգնման ուղի. օրինակ` հրեաների պարագայում Հոլոքոսթի ճանաչումը, Գերմանիայի պատասխանատվությունը, միջազգային իրավական պրոցեսները,
- Պատմական հիշողության պահպանման ուղի. արխիվներ, հուշահամալիրներ, կրթական ծրագրեր, որոնք պաշտպանում են ճշմարտությունը,
- Պետական անվտանգության ամրապնդման ուղի. Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների կարևոր դասը պետական պաշտպանվածության ապահովումն է, ինչպես ՀՀ-ը՝ մինչև 2018 թ. և Իսրայելը, որի քաղաքականության առանցքային հիմքերից է պետական անվտանգության ամրապնդումը։
ՀՀ դեպքում այս մոտեցումներից միայն երկրորդն ու երրորդը՝ պատմական հիշողության պահպանումն ու պետական անվտանգության ամրապնդումը, մասամբ իրականացվել են, սակայն առաջինի դեպքում՝ համակարգված քաղաքականության մաս չեն դարձել։
- Ցեղասպանությունը որպես ուժ և շարժիչ ուժ: Փաշինյանը կարծես փորձում է ցուցաբերել կառուցողական մոտեցում, այնինչ, իրականում ձևակերպումը խուսափողական է։ Եթե ցեղասպանության վերապրողի փորձը պետք է դառնա «ուժ և շարժիչ ուժ», ապա ի՞նչ հստակ մեխանիզմներ են առաջարկվում։
- Պե՞տք է հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային իրավական հետևանքները։
- Պե՞տք է ցեղասպանության ճանաչումը կապել Հայաստանի անվտանգության ապահովման հետ։
- Ինչպե՞ս պետք է այս գիտակցությունը ձևափոխվի պետական ռազմավարության։
Խոսեմ Հոլոքոսթի օրինակով. Իսրայելը այն վերածել է ազգային անվտանգային դոկտրինի, որը նպաստել է՝ ուժեղ բանակի, հետախուզական համակարգի և պրոակտիվ, նախաձեռնողական արտաքին քաղաքականության։ Հայաստանի դեպքում նման դոկտրին գոյություն չունի։ ՀՀ-ը ՔՊ իշխանության տարիներին՝ կորցրեց պետության անվտանգային գրավչությունը, մսխեց ռեսուրսները, պարտվեց պատերազմում, զիջեց տարածքներ, որոնք ռազմավարական և կենսական նշանակություն ունեն հայկական պետության շարունակականության համար: Այնպես որ՝ «ցեղասպանության փորձը ուժի վերածելը» ենթադրում է հստակ ռազմավարություն, որի մշակման գործում պիտի ներգրավվեն հայության բոլոր գիտամտավոր շերտերը, հատկապես Սփյուռքը։ Ռազմավարություն, ոչ թե գիտականորեն սնանկ մտքեր՝ թուրքական լսարանին հաճոյանալու և մեկ օր ավելի իշխանության աթոռին գամվելու նպատակով։ Անձամբ իմ քաղաքական դիրքորոշումը հետևյալն է՝ Հայոց ցեղասպանությունը պետք է ընկալել ոչ թե որպես միայն ցավալի անցյալ, այլ որպես ազգային անվտանգության, նաև՝ միջազգային օրակարգ ձևավորող գործոն, որը պետք է վերածվի պետական շահի պաշտպանության լծակի։
Ի՞նչ է նշանակում ազգային ինքնության կառավարում, և արդյո՞ք այն կառավարելի է, թե՞ ներքին ու արտաքին ազդեցությունների արդյունք: Իրականում հարցադրումն արդիական է՝ հատկապես գլոբալացվող աշխարհի միգրացիոն շարժերի համատեքստում, բայց նման հարցադրման պատասխանները տալու համար, անհրաժեշտ է ունենալ գիտական գործունեության երկարամյա փորձ, տեսական գիտելիք, վերլուծության և հետազոտության գիտական մեթոդաբանություն: Ազգային ինքնությունը վերաբերվում է պետության, հասարակության և նրա քաղաքացու հարաբերություններին, մայրենի լեզվին, մշակույթին, պատմությանը, արժեքներին, բարոյական ընկալումներին, ոգու տարողությանը, հավատամքներին, ազգային ավանդույթներին։ Հայոց ցեղասպանության հարցում հայկական ինքնության կառավարումը պետք է միտված լինի ոչ միայն ՀՀ և նրա քաղաքացիների, այլև ամբողջ աշխարհի հայության ազգային արժանապատվության պահպանմանը: Ընդ որում՝ արժանապատվություն պահպանելը չի նշանակում ձեռքերը ծալած նստել և սոփեստաբանել, ամենուր խոսել հայությանը պատած ցավի ու վշտի մասին, այլ ապահովել համազգային ներգրավվածություն, ցեղասպանության ճանաչման գործընթացը դարձնել մասնակցային, ներառական, ընդգրկել ազգի բոլոր շերտերին: Այս ամենի փոխարեն ի՞նչ է առաջարկում Փաշինյանը. նա ասում է՝ հայ ժողովուրդը պետք է վերանայի իր վարքագիծը, այլ ժողովուրդների նկատմամբ վերաբերմունքը, ակամայից դուրս մղելով ցեղասպանության կազմակերպիչ, համակարգող, իրականացնող և գլխավոր պատասխանատու՝ Թուրքիային մեղսակցության և իրավաքաղաքական հետևանքների պատասխանատվությունն ստանձնելու հրամայականից և մեղադրելով հայությանը՝ ոչ կառուցողական դիրքորոշում որդեգրելու և հակաթուրքական թեզերով ապրելու համար: Ակնհայտորեն, նման մոտեցմամբ միջազգային հանրության շրջանում կստեղծվի տպավորություն, թե հայերն ու ՀՀ իբր «կեղծ և հորինված պատմության ջատագովներ են», ուստիև՝ հարցը պետք է դուրս բերել օրակարգից:
Փաշինյանի այս անհեռատես (հավանաբար՝ մտածված և համակարգված) հայտարարության հետևանքը լինելու է այն, որ հայոց պատմության այդ եղերական ժամանակահատվածի վերանայումն անհրաժեշտ է, որպեսզի հայերն ապացուցեն, որ իրենք չեն մեղավորը ցեղասպանության հարցում։ Բացի այդ, Փաշինյանի պնդմամբ, հայ ժողովուրդը պետք է ամրագրի ինքնության այն կողմերը, որոնք ավելի կարևոր են իր համար։ Այսինքն՝ հայությունը պետք է փոխի վերաբերմունքը Թուրքիա պետության և թուրք ժողովրդի նկատմամբ, որպեսզի կարողանա ապրել և համերաշխ գոյատևել:
Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ հայ ժողովրդի խնդիրը թուրք ժողովրդի հետ չէ, այլ թուրքական ժխտողական պետական մեքենայի, ընդ որում դեռևս 1915 թվականից առաջ։ Մենք միամիտ չենք, ոչ էլ անուղեղ, որ չհասկանանք, որ պետք է պատրաստ լինենք փոփոխությունների՝ հաշվի առնելով գլոբալիզացիան, մշակութային բազմազանությունը և մեր աշխարհագրական դիրքը, բայց այդ փոփոխությունները չեն կարող լինել պատմության ուրացման և անվտանգության հաշվին։ Մինչև ինքնության մասին խոսելը՝ լավ կլիներ իշխող վարչախմբի ղեկավարը նայեր սեփական երկրի կործանված կրթական համակարգին, անհետացած ժողովրդավարությանը, զարգացման չնշմարվող հեռանկարին, տրորված ազգային արժանապատվությանը, պետության անվտանգային մարտահրավերներին և ամենավտանգավորը՝ պատմության վերանայման փորձերին:
Ցեղասպանությունը չի կարելի դիտարկել որպես ուժ՝ «առանց ցավի». Ցեղասպանություն վերապրած ժողովրդի հիշողությունն ու պատմությունը չի կարելի վերամշակվել որպես շարժիչ ուժի աղբյուր։ Ցեղասպանության հարցը դիվանագիտական գործիք չէ, որի հաշվին փորձես գնալ զիջումների, այս հարցը միայն վերապրած պատմություն չէ, այլ խոր արդարության և քաղաքակրթական խնդիր։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ցեղասպանության հարցն օգտագործվի որպես «ուժ»՝ առանց պատմական գնահատականի և հետևանքների վերացման։ Եթե Փաշինյանը նկատի ունի, որ ցեղասպանության հարցը կարելի է դարձնել քաղաքական գործիք և դրանով ապահովել դիվիդենտներ իշխանության շարունակականության համար, ապա, մեղմ ասած, սխալվում է։ Ցեղասպանությունը ազգային հիշողություն է և պահանջ, այն միայն պատմություն չէ, որ պետք է վերանայվի ինչ որ շահադիտական նպատակներով։ Ցեղասպանությունը հայ մարդու իրավունքների պաշտպանության հարցն է, և նրա ճանաչումը չի կարող ենթարկվել որևէ քաղաքական զիջման կամ վերամշակման՝ Անկարայի կամ Բաքվի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Ցեղասպանության ճանաչումը միջազգային արդարության գործիք է, ոչ թե պարզապես ցավի հուշարձան կամ վերանայվող թեմա։ Նման մոտեցման ջատագովներն են Թուրքիայի, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարները, որոնք ամեն գնով ցանկանում են ցեղասպանության հարցը տանել պատմական ռեվիզիոնիզմի դաշտ, այսինքն՝ պատմությունը վերանայելու, վերաշարադրելու կամ խմբագրելու դաշտ, ինչը հավասարազոր հանցագործություն է: Նման քայլով Փաշինյանն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի բանակցային դիրքերին, քանի որ եթե մի պահ ենթադրենք, որ Փաշինյանի այս սնամեջ խոսքերը միջազգային հանրությունը, որն ավելի քան 100 տարի ջանք ու եռանդ չի խնայել, գիտամտավոր ամբողջ պոտենցիալը ծառայեցրել է լրջորեն ուսումնասիրելու ու հիմնավորելու Հայոց Ցեղասպանության թուրքական կազմակերպման ու մեղսակցության ամբողջ պատասխանատվությունը, ընդունում է ի գիտություն, ապա Ցեղասպանության ճանաչման հարցն այլևս չի լինի Հայաստանի և միջազգային հանրության օրակարգում։ Հավասարապես կկործանվեն Սփյուռքի հետ հարաբերությունները: Չմոռանանք, որ ցեղասպանության ճանաչման և իրավատիրության հարցը հայկական սփյուռքի ինքնության բաղադրիչներից մեկն է։
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ցեղասպանության հարցի մանիպուլյացումը պետության, քաղաքացիների և միջազգային հանրության հարաբերություններում, և ինչպե՞ս կանդրադառնա այն ազգային ինքնության պահպանման կամ կործանման հարցի, ցեղասպանության շարունակականության գաղափարական և ինստիտուցիոնալ գործիքակազմի ակտիվացման կամ նահանջի վրա:
- Պետության գոյությունը, գոյատևումը (թեկուզև տիտղոսային), ինստիտուցիոնալ գործառնության արդյունավետությունը, իրավաքաղաքական բաղադրիչներից՝ տարածքային ամբողջության և ինքնիշխանության սանդղակային տարբերակումը, դեռևս բավարար չէ պնդելու, որ ազգային ինքնության մարտահրավերները հաղթահարված են, կամ` նվազագույնը չեզոքացված:
- Երբ ցեղասպանության հարցը դառնում է քաղաքական մանիպուլյացիայի գործիք, այն հաճախ ներկայացվում է ոչ թե որպես ազգային պատմության ճշմարիտ ընկալման անհրաժեշտություն, այլ որպես քաղաքական շահարկման միջոց։ Սա կարող է հանգեցնել նրան, որ ժողովրդի պատմական ինքնությունն աղավաղվի, իսկ ազգային ինքնագիտակցությունը նեղացվի միայն «զոհի» կերպարի շուրջ՝ թուլացնելով ազգի հավաքական ինքնավստահությունը։
- Երբ ցեղասպանության հարցը «օգտագործվում է» որպես ներքաղաքական պայքարի կամ արտաքին հարաբերություններում քաղաքական ճնշման/շահարկման միջոց, ապա միջազգային հանրության մոտ կարող է ստեղծվել կեղծ տպավորություն, որ այն ոչ թե պատմական արդարության և քաղաքակրթական հարց է, այլ ժամանակավոր քաղաքական մարտավարություն։ Սա կարող է խարխլել ցեղասպանության երևույթի ընկալման և միջազգային ճանաչման գործընթացը, թուլացնել հետևանքների վերացման բարոյական և իրավական հիմքերը։
- Մանիպուլյացիաները թուլացնում են հասարակական հետաքրքրությունն ու զգոնությունը, մարդիկ հոգնում են թեմայի շահարկումներից, աստիճանաբար կորցնելով հետաքրքրությունը սեփական պատմության նկատմամբ և վիճարկելով այն։ Սա հանգեցնում է պատմական հիշողության ժխտման կամ մերժման՝ որպես արդեն սպառված թեմա, ինչը վտանգավոր է ազգային ինքնության շարունակականության տեսանկյունից։
Ուստիև, ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը «սրում» այս հարցը և ՀՀ անվտանգային մարտահրավերների չեզոքացմանն ուղղված իր սահմանադրաիրավական պարտականությունների կատարման փոխարեն օրակարգային է դարձնում Հայոց ցեղասպանության վերանայման խնդիրը.
- Ժամանակ շահելու տեխնիկա. Թուրքիան միշտ պնդել է, որ ՀՀ իր ճնշման լծակներով պարտադրի հայկական սփյուռքին հրաժարվել քաղաքական պայքարից, պահանջատիրությունից՝ ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց։ Բնակաբար սրան պիտի հաջորդի Մոսկվայի և Կարսի պայմագրերի հաստատման վերաբերյալ Երևանի հանձնառությունը։ Փաշինյանը հիմա ուղիղ այդ ուղերձն է տալիս՝ հող նախապատրաստելով հետագա զիջումների համար։
- Հայաստանի ներսում դիրքերն ամրապնդելու փորձ. Փաշինյանը, հավանաբար, հաշվարկում է, որ իր հիմնական ընտրազանգվածը՝ անիրատեսական «խաղաղության քարոզիչները», կընդունեն այս մոտեցումը որպես «նոր Հայաստանի» թրենդ։
Հարցն արդեն ցեղասպանության ժխտումը չէ, այլ ի սպառ բացակայությունը, այսինքն՝ հարցի դուրսբերումը միջազգային օրակարգից, ինչը կարող է երկարաժամկետ առումով ավելի վտանգավոր լինել։ Նախադրյալներն արդեն ազդարարված են, երբ «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն ասում ես «ազգային ցավ», իսկ այդ խոսքն ուղղված է հիմնականում արտաքին լսարանին։ Եթե իրավապատշաճ եզրաբանությամբ չես խոսում, նշանակում է, որ «սպիտակեցնում» ես իրականությունը՝ անուղղակիորեն արդարացնելով այն։ Երբ Փաշինյանն ասում է, որ «ցեղասպանությունը պետք է տեսնենք ոչ միայն որպես ազգային վիշտ», նա փորձում է այն ներկայացնել որպես անցյալում եղած «հիշողություն» և ոչ թե որպես կոնկրետ պատմական իրողություն, որը պետք է ճանաչվի և դատապարտվի։ Այս արտահայտությունը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի հետագայում պնդի, թե «Հայոց ցեղասպանության հարցը լուծվել է»։
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային օրակարգ գալու մասին, Փաշինյանը, կցկտուր պատմական տեղեկություններով, աղավաղում է հարցի միջազգայնացման իրական փաստերն ու պատմությունը և այն փորձում վերագրել՝ անցած դարի 30-40-ականների միջազգային բարենպաստ պայմաններին: Նա հարցի միջազգայնացումը դիտարկում է հակախորհրդային համատեքստում և այդ հաջողությունները վերագրում ոչ թե Սփյուռքում և Խորհրդային Հայաստանում համաժամանակյա համազգային բուռն բողոքի ալիքներին (Ուրուվայ, Հարավային Ամերիկայի երկրներ, Հայոց ցեղասպանության ճանաչման կազմակերպված արշավ, նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր կառուցումը Երևանում), այլ ակնարկում, որ դա պահի հրամայական էր և միջազգային հանրության ժեստը հայերին, որ միջազգային հարաբերություններն ու աշխարհաքաղաքական իրողությունները նույնպես ազդել են ցեղասպանության ճանաչման վրա: Վերջինս հնարավոր չէ ժխտել, բայց եթե առաջիկայում այդ հարցի վրա միջազգային քաղաքականության ազդեցությունը թուլանա և աշխարհը մեզ փաստի առաջ կանգնեցնի, որ փոխվել են բարքերն ու ժամանակները և այդ հարցով զբաղվելու ժամանակ չկա, ի՞նչ դիրքորոշում է ունենալու այս հարցում ՀՀ և հայ ժողովուրդը։ Այս կերպ Փաշինյանը ցանկանում է սիրաշահել Թուրքիային, առաջարկում հետաձգել ճանաչումը, միաժամանակ նվազեցնելով պահանջատիրության իրավական և քաղաքական կշիռը։
Իսկ ես առաջարկում եմ՝ թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց հրաժարվելու ցեղասպանության թեմայից։ Սա ամենամեծ դիլեման է, որի առջև մեր արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ կանգնած է եղել։ Հակառակ փաստին, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու հարցում ՀՀ բոլոր իշխանությունները, բացառությամբ այս ՔՊ-ի, առաջնորդվել են հետևյալ սկզբունքով՝ «Թուրքիայի հետ հարաբերություններ պետք է հաստատել առանց նախապայմանների»։
- Նախ՝ ամբողջ աշխարհին պետք է հայտարարել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի վերաբերվում միայն Հայաստանին և Թուրքիային, այլ միջազգային հանրությանը, որ սա մարդու իրավունքների և արդարության հարց է, ոչ թե միջպետական հարաբերությունների հաստատման խնդիր։ Այստեղից էլ եզրակացություն, հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման պրոցեսում կարող է ներգարվվել նաև միջազգային հանրությունը՝ որպես շահագրգիռ կողմ՝ հաստատելով մարդու իրավունքների և արդարության վերականգնման իր հանձնառությունը։
- Հայաստանի և թուրքիայի միջև սահմանների բացումը հնարավորություն կտա ժողովուրդների երկխոսության և անցյալի ցավոտ խնդիրների անկաշկանդ քննարկման:
- Պետք է ներկայացնել, որ ՀՀ-Թուրքիա բանակցությունները միայն երկկողմ հարաբերությոուններ չեն, այլ միջազգային համատեքստում կառուցվող գործընկերություն. սա նշանակում է, որ Երևանն ու Անկարան բանակցում են ոչ թե Ցեղասպանության հարցի շուրջ, կամ այդ հարցը խոչընդոտում է երկկողմ հարաբերություններին, այլ որ Հայաստան-Թուրքիա բանակցությունները համադրվում են միջազգային արդարության և մարդու իրավունքների սկզբունքներով։
- Մենք կոմպլեքսներ չունենք, ինչպես իշխող կուսակցությունը փորձում է մեզ այդպես դիրքավորել։ Կոմպլեքսներ չունենք և պատրաստ ենք Թուրքիայի ձեռք սեղմել՝ առանց զիջելու մեր ազգային ինքնության արժեքային հենքն ու համամարդկային իրավունքը: Պատմական արդարությունը բազային սկզբունք է, և այս գործընթացում չպետք է անտեսենք նաև համաշխարհային դերակատարների շահերը, այլապես կդառնանք, ինչպես լատիներեն են ասում, terra nullius՝ երկիր առանց ժողովրդի: