![Ադրբեջանում հակառուսական տրամադրությունները պաշտոնական և կոնկրետ բնույթ են ստանում Ադրբեջանում հակառուսական տրամադրությունները պաշտոնական և կոնկրետ բնույթ են ստանում](https://abcmedia.am/wp-content/uploads/2025/02/kmo_198944_00135_1_t222_134700.webp)
Ադրբեջանում հակառուսական տրամադրությունները պաշտոնական և կոնկրետ բնույթ են ստանում
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում աստիճանաբար սրացող լարվածությունը գնալով ակնհայտ և պաշտոնական բնույթ է ստանում։ Եթե մինչ վերջերս դրանք սահմանափակվում էին ԶԼՄ-ներում հակառուսական բովանդակության նյութերի հրապարակմամբ կամ Ալիևի կոշտ հայտարարություններով, ապա այժմ Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների։ Արդեն կասկած չկա, որ անդրկովկասյան հանրապետությունում հակառուսական տրամադրություններն աճում են՝ ոչ առանց տեղական իշխանությունների մասնակցության։
Ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերը պաշտպանելու իր հետևողական կուրսը և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս», – նշվել է հաղորդագրության մեջ։
«Մեր երկիրն ինքը դարձել է դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, երբ նման օգնությունը տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա, իսկ կազմակերպությունների կառուցվածքը կրում է բացահայտ հետախուզական բնույթ»,- նշել են աղբյուրները։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունվարի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին հրավիրել է ՌԴ ԱԳՆ։ Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կառուցման բացարձակ կարևորությունը ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով 2022 թվականի փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա՝ ելնելով երկու պետությունների ազգային շահերից։
Հիշեցվել է, որ Բաքվում Ռուսաստանի տան շինծու «լրտեսական» գործունեության թեման ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել է դեկտեմբերյան օդային միջադեպի հետաքննության ֆոնին։ Սա լավ հիմք է տվել նման հրապարակումների մեջ պաշտոնական հետք կասկածելու, և դրա հետ մեկտեղ՝ Մոսկվայի հետ հարաբերություններում նոր «հաղթաթուղթ» ձեռք բերելու Բաքվի վճռականությունը։ Այդ մասին է վկայում նաև այն, որ օրեր առաջ Բաքուն հայտնել էր ՌԴ դեմ միջազգային դատարան դիմելու իր մտադրության մասին՝ ընդգծելով, որ անցած տարվա դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող ինքնաթիռի կործանման վերաբերյալ Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցի հրապարակումից հետո ռուսական կողմը շարունակում է կանխակալ կերպով մեկնաբանել միջադեպը։
Շեշտվել է, որ չնայած առկա փաստերին, ռուս պաշտոնյաները, փորձագետները և լրատվամիջոցները շարունակում են հերքել միջադեպին իրենց մասնակցությունը և փորձում են մեղքը բարդել անձնակազմի վրա։
«Ադրբեջանը հստակ ուրվագծել է իր պայմաններն ու պահանջները, որոնք հնչել են ամենաբարձր մակարդակով։ Ինչպես արդեն նշվել է, Ադրբեջանն ունի ինքնաթիռը խոցած «Պանցիր-Ս» հրթիռի բեկորներ։ Ձևավորվում է ապացույցների բազա, հավաքվում են փաստեր և ապացույցներ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջազգային դատարան դիմելու համար։
Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում։ Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի. Հակառակ դեպքում Բաքուն պատրաստ է հաջորդ քայլերին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ վթարի էր ենթարկվել AZAL-ին պատկանող մարդատար ինքնաթիռը։ Աղետի հետեւանքով զոհվել է 38, վիրավորվել՝ 29 մարդ։
Ակնհայտ է, որ Բաքուն պարզապես օգտագործում է ողբերգությունը որպես պատրվակ՝ ուժեղացնելու իր հակառուսական քաղաքականությունը։ Այդ մասին է խոսում նաև այն, որ Ադրբեջանը 1 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային, որի դեմ ՌԴ-ն հատուկ ռազմական գործողություն է իրականացնում։ Բացի այդ՝ փետրվարի 3-10-ն:
Ադրբեջանը Ռուսաստանի հետ իր հյուսիսային սահմանի երկայնքով սկսել է անվտանգության լայնածավալ օպերացիա՝ «Սահմանային վահան», որի իրականացման համար ընտրված ժամանակահատվածն աշխարհաքաղաքական հարցեր է առաջացնում: Վերլուծաբանները ենթադրում են, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է հիասթափված տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Ռուսաստանի մոտեցումներից, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ նրա դիրքորոշումից. Բաքուն Մոսկվայի քաղաքականությունը համարում է ոչ բավարար չափով իր շահերին համապատասխան: Կարևոր է նաև Թուրքիայի և Իսրայելի հետ կապերի խորացումը, և Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը, ինչը հակասում է ՌԴ-ի տարածաշրջանային շահերին։