07 Փտր
2025
1.2° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի խորհրդարանում նոր ընդդիմադիր քաղաքական խմբակցություն կստեղծվի

Վրաստանի խորհրդարանում նոր ընդդիմադիր քաղաքական խմբակցություն կստեղծվի

Վրաստանում ընթացակարգային հարցերի հանձնաժողովը և բյուրոն հավանություն են տվել խորհրդարանում նոր քաղաքական խմբի ստեղծմանը, որը կոչվում է «Եվրոպական սոցիալիստներ»: Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը։

Քաղաքական խումբը ստեղծվել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Իլյա Ինջիայի, Վառլամ Լիպարտելիանիի և Նիկա Էլիսաշվիլիի կողմից։

Նրանք Վրաստանի խորհրդարանում կներկայացնեն ընդդիմությունը «Ժողովրդի ուժ» քաղաքական խմբի հետ միասին և խորհրդարանում տեղեր կզբաղեցնեն ընդդիմության քվոտայի համաձայն։

Քաղաքական խումբն ունի նույն իրավունքները, ինչ խմբակցությունը, նրա ներկայացուցիչներն օգտվում են ելույթ ունենալու իրավունքից և կարող են ներկայացուցիչ ունենալ Վրաստանի խորհրդարանի բյուրոյում և հանձնաժողովներում։

Այս պահին Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանում կա ընդամենը 101 պատգամավոր, որոնցից 89 ընտրվել են «Վրացական երազանք»-ի ցուցակներով։ Վրաստանի խորհրդարան մտած չորս քաղաքական ուժերից երեքը՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն-ազգային շարժում» և «Լելոն հանուն Վրաստանի», լքել են խորհրդարանը՝ ի նշան բողոքի ընտրությունների արդյունքների դեմ։ Չորրորդ՝ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը թեև չի հրաժարվել մանդատներից, սակայն շարունակում է բոյկոտել խորհրդարանի աշխատանքը։