
Վրաստանի ՆԳՆ-ն հունվարին երկրից արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Վրաստանի իրավապահները հունվարի ընթացքում երկրից արտաքսել են 37 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ հայաստանցիների․ այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
«Անցած ամիս ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են տարբեր երկրների 37 քաղաքացիների՝ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի հիման վրա: Որոշ օտարերկրյա քաղաքացիներ ինքնակամ են հեռացել, իսկ ոմանք ստիպված են եղել Վրաստանը լքել միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում», – նշված է հայտարարության մեջ։
Ըստ ՆԳՆ-ի՝ արտաքսվածների թվում են Մոլդովայի, Եգիպտոսի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Նիգերիայի քաղաքացիներ: