30 Մայ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, որն «ական» չի դնի ապագա սերունդների համար․ Գալուզին

ՌԴ-ն խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, որն «ական» չի դնի ապագա սերունդների համար․ Գալուզին

Ռուսաստանը Հարավային Կովկասում Արևմուտքի գիծը համարում է բացարձակ ապակառուցողական, Известия-ի հետ զրույցում նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Դա միտված է ոչ թե Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն, այլ փորձելու «նպաստել» այս թևում մեզ ռազմավարական պարտություն կրելուն։ Երբեմն նույնիսկ խոսվում է այն մասին, որ որոշ երկրների փորձում են համոզել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Անդրկովկասում»,- նշել է ռուս դիվանագետը։

Նա ընդգծել է, որ չնայած Հայաստանի և Արևմուտքի միջև կապերի ամրապնդմանը, հայկական պետությունը, հասարակությունը և ժողովուրդը ինքնիշխան որոշումներ են կայացնում։ Եվրամիությունը Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն և հակառուսական պատժամիջոցներին հավատարիմ մնալ՝ դրա դիմաց Երևանին կոնկրետ որևէ բան չխոստանալով, հայտարարել է Գալուզինը։ Փոխարտգործնախարարը հիշեցրել է նաև, որ Մոսկվան Երևանին հստակ մատնանշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։

«Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինել ուղղակի անհնար է»,- ընդգծել է Գալուզինը` հավելելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է «շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի և ներդրումների ավելացման տեսքով։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություննեին՝ դիվանագետը նշել է, որ ՌԴ-ն ողջունում է այն առաջընթացը, որ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության պայմանագրի կնքման և երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եզակի ներդրում է ունեցել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Առաջին հերթին՝ դա արվել է 2020 թվականի նոյեմբերին, երբ կազմվել է եռակողմ փաստաթուղթ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունը, որը պարունակում էր Ռուսաստանի աջակցությամբ հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ։

«Մենք ջատագովում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնց հետ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դնի ապագա սերունդների համար։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին և դեմ ենք ցանկացած հապճեպ փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին մղել շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան ինչ-որ հարթակում։ Նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները կարող են չհանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ՝ ընդհակառակը, կարող են ապագայի համար առճակատման որոշակի սերմեր տնկել, ինչը, իհարկե, ծայրահեղ անցանկալի է և՛ Հայաստանի և Ադրբեջանի, և՛ Հարավային Կովկասի և և՛ Ռուսաստանի համար», – նշել է Գալուզինը։

Նա ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ, այժմ ընդհատվել և, այսպես ասած, սառեցվել է։ «Իհարկե, մենք կոչ ենք անում կողմերին և, առաջին հերթին, մեր հայ ընկերներին այս խմբի շրջանակներում վերադառնալ աշխատանքի։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան», – նշել է դիվանագետը։

Ռազմագերիներ