11 Փտր
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն արձագանքել է Փաշինյանի հոդվածին և Երևանին մեղադրել ռազմական ծախսերն ավելացնելու մեջ

Բաքուն արձագանքել է Փաշինյանի հոդվածին և Երևանին մեղադրել ռազմական ծախսերն ավելացնելու մեջ

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հրապարակած հոդվածին` նրա հնչեցրած պնդումները որակելով անհիմն և միջազգային հանրությանը ապակողմնորոշող։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն Հայաստանի ղեկավարության մտահոգություններին առարկայական պատասխանելու փոխարեն Երևանին կրկին մեղադրել է «ռազմականացման» մեջ։ Նա հայտարարել է, որ Հայաստանի ռազմական ծախսերը երեք տարում գրեթե երեք անգամ ավելացել են՝ 2024 թվականին 600 մլն դոլարից հասնելով 1,6 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ, Այհան Հաջիզադեն «մոռացել» է հիշատակել, որ 2025 թվականին Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կկազմի 5 մլրդ դոլար։

Ըստ Հաջիզադեի` Հայաստանն իբր խախտել է նաև 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանի տարածքում ավելի քան 10 հազար զինվորական պահելով (խոսքը ԼՂ նախկին պաշտպանության բանակի մասին է)։

ԱԳՆ ներկայացուցիչը կրկին հիշատակել է ՀՀ Սահմանադրությունը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Բացի այդ, նա մեղադրել է Երևանին Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության բացման գործընթացը ձգձգելու համար՝ պնդելով, որ հայկական կողմը «ոչ էական նախաձեռնություններ է առաջ քաշում»։

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր հոդվածում ընդգծել էր, որ Ադրբեջանում իրական սպառնալիքներ են ձևավորվում Հայաստանի անվտանգության համար։ Նրա խոսքով` չնայած Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին, Բաքվից ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են հնչում, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։