24 Փտր
2025
-6.8° c ԵՐԵՎԱՆ
-10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օպտիմալացո՞ւմ, թե՞ պարզապես տեղափոխություն․ Արմավիրի մանրէաբանական լաբորատոր կենտրոնի փակման հետքերով

Օպտիմալացո՞ւմ, թե՞ պարզապես տեղափոխություն․ Արմավիրի մանրէաբանական լաբորատոր կենտրոնի փակման հետքերով

Արմավիրում դադարեցվել է մարզի միակ մանրէաբանական լաբորատոր կենտրոնի աշխատանքը։ Ահազանգն արել էր «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։ Ըստ Պողոսյանի՝ բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատել են։

ABC media-ն տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն է ստացել և՛ Առողջապահության նախարարությունից, և՛ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանից։

Վերջինս ABC media-ի հետ զրույցում անդրադարձել է լաբորատորիայի փակման լուրերին ու նշել է՝ լաբորատորիայի աշխատակիցների կողմից ոչ արտոնված գործողություններ են եղել

Նա նշել է, որ կենտրոնը պետք է գործեր մինչև փետրվարի վերջ։ Աշխատակիցներիէ կրճատման մասին ծանուցումներում նշվել է ժամկետ՝ փետրվարի 28-ը։

«Սակայն, որոշ աշխատողներ, հենց մանրէաբանական լաբորատորիայի Արմավիր մասնաճյուղից, ոչ արտոնված ձևով դադարեցրել են իրենց աշխատանքները և հայտարարություն տարածել, որ արդեն լաբորատորիան չի աշխատում»,-ասել է Չախմախյանը։ Վերջինիս խոսքով՝ լաբորատորիայի փակման գործընթացին պիտի սահուն անցում կատարեին, բայց քանի որ աշխատակիցները հապճեպ որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը, գործընթացն էլ հապճեպ է ստացվել։

«Մենք կատարել ենք որոշ փոփոխություններ և այժմ լաբորատոր նմուշները, որոնք պետք է հետազոտվեին լաբորատորիաներում՝ տեղափոխվել են Երևանի մասնաճյուղի լաբորատոր կենտրոն, և այդ հետազոտությունները ամբողջ ծավալով արվում են»,-վստահեցրել է Սերգեյ Չախմախյանը։

  Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ Արմավիրի լաբորատորիան չէր համապատասխանում ստանդարտներին։ Այժմ նոր լաբորատորիա է բացվել Ավանում՝ վերազինվելով նորագույն տեխնիկայով։

Միաժամանակ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը անդրադարձել է լաբորատորիայի փակման հետևանքով առանց աշխատանք մնացած մարդկանց ճակատագրին։ «Առաջարկվել է գործատուի կողմից հնարավորության շրջանակներում աշխատանք առաջարկել այն մարդկանց, ովքեր պատրաստվածության, մասնագիտական որակավորման և առողջապահական վիճակին համապատասխանում են։ Մենք հետամուտ կլինենք, որ մեր լավագույն աշխատակիցներին հնարավորության սահմաններում աշխատանքը շարունակելու հնարավորություն տանք»,-ասել է նա։

 Չախմախյանն ավելացրել է, որ այս գործընթացն ինքնանպատակ չի արվել, եղել է համակարգի օպտիմալացման և ծախսարդյունավետության բարձրացման համար է։