
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է Українська правда – ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակին:
Ըստ աղբյուրի՝ Թրամփը զանգահարել է Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրուցից անմիջապես հետո։ Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է բանակցություններ սկսել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցի իր էջում գրել է, որ բովանդակալից զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Մենք երկար խոսեցինք խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, քննարկեցինք թիմային մակարդակում համատեղ աշխատելու մեր պատրաստակամությունը և Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և արդյունաբերության այլ առաջադեմ ճյուղեր: Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին այն հետաքրքրության համար, թե ինչի կարող ենք հասնել միասին: Մենք նաև քննարկել ենք Սքոթ Բեսենթի հետ իմ զրույցը և անվտանգության, տնտեսական համագործակցության և ռեսուրսային գործընկերության վերաբերյալ նոր փաստաթղթի պատրաստումը»,- նշել է նա:
Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ Թրամփը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։ «Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան։ ԱՄՆ-ի հետ միասին մենք պլանավորում ենք մեր հետագա քայլերը ռուսական ագրեսիան դադարեցնելու և ամուր, հուսալի խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Ինչպես ասաց նախագահ Թրամփը՝ եկեք դա անենք: Մենք պայմանավորվեցինք պահպանել հետագա շփումները և պլանավորել առաջիկա հանդիպումները»,- գրել է Զելենսկին։
Զրույցին սոցցանցի իր էջում անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահը․
«Ես հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Խոսակցությունը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք քննարկել ենք պատերազմին առնչվող բազմաթիվ թեմաներ, բայց հիմնականում հանդիպումը, որը տեղի կունենա ուրբաթ օրը Մյունխենում, որտեղ պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վանսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս հիմար պատերազմը, որն առաջացնում է զանգվածային և բոլորովին անհարկի մահեր և ավերածություններ։ Թող Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին»,- գրել է Դոնալդ Թրամփը։