
Կարապետ Պողոսյանը ևս հորդորեց գյումրեցիներին անպայման մասնակցել ընտրությանը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում ՔՊ-ին նորից վերարտադրվելու շանս կտան
2025 թվականի մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենա ավագանու արտահերթ ընտրություն։ Գյումրիում ստեղծված իրավիճակը քաոս է հիշեցնում։ Դեռ անցած տարի հոկտեմբերին Գյումրու ավագանու իշխող «Բալասանյան դաշինքի» 14 անդամները վայր դրեցին մանդատները, այդ թվում՝ քաղաքապետը։ Դեկտեմբերին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց ՔՊ-ական Սարիկ Մինասյանը։ Հիմա Հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ոչ միայն քաղաքական կուսակցությունները, այլև անհատներ։ Հիշեցնենք, որ 2021 թվականին ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան դաշինքում» հանդես էր գալիս նաև ՔՊ-ն, ով կոալիցիա էր կազմել նախկին քաղաքապետի քաղաքական ուժի հետ, ապա որոշ ժամանակ անց դադարեցրել էր համագործակցությունը։ ՔՊ-ի՝ «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցությունից դուրս գալուց հետո քրեական հետապնդման սկսեցին ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու նրա որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Ըստ ընդդիմադիրների՝ «Բալասանյան դաշինքի» անդամները մանդատները վայր են դրել հենց քաղաքական հետապնդումներից խուսափելու համար։ Ավելին՝ դաշինքի անդամները ոչ միայն հեռացել են պաշտոններից, այլև հայտարարել են, որ այլևս քաղաքականությամբ չեն զբաղվելու։
Այս պահին Գյումրիի ղեկավար հանդիսացող Սարիկ Մինասյանն ըստ ընդդիմադիր մի շարք ներկայացուցիչների՝ արդեն սկսել է իր քարոզարշավը։ Քաղաքացիների խնդիրները գույքագրելու պատրվակով Մինասյանը սկսել է հանդիպել նրանց հետ։ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրած, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն էլ հայտնում է, որ Մինասյանի հրահանգով ավագանու անդամները շրջում են քաղաքում ու մարդկանց ասում, որ եթե ընդդիմադիրները ընտրվեն ՏԻՄ արտահերթ ընտրությունում, ապա Նիկոլ Փաշինյանը պետբյուջեից քաղաքի համար նախատեսված գումարները չի տա։
Թեկնածուների մասին․ ինչպես արդեն նշեցինք, գյումրեցի հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթրայանն արտահերթ ընտրություններում առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու։ Գյումրու ընտրություններին կմասնակցի նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի թեկնածուն այս պահին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։ Մինասյանը ժ/պ դառնալու պահին անկուսակցական էր, բայց ավելի ուշ վերջինս դարձավ կուսակցական։
Ընտրությանը կմասնակցի նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, թե ի՞նչ ձևաչափով այս պահին հստակ չէ։ ABC media-ի հետ զրույցում Շիրակից ընտրված պատգամավոր Մհեր Մելքոնյանը նշել է, որ շատ կարևոր է՝ այս ընտրություններում տապալել ՔՊ-ականներին։ Պատգամավորը հորդորել է գյումրեցիներին անպայման մասնակցել ընտրությանը։
«Դաշնակցությունը որպես քաղաքական կուսակցություն մասնակցելու է, բայց ձևաչափի մասին մի փոքր ուշ կհայտարարենք։ Անուններ չենք շրջանառում, որովհետև մեր մոտ անձերը չեն որոշում, ժողով կանենք, կորոշենք, հետո կասենք։ Գյումրեցիները ցանկություն ունեն քաղաքում փոփոխություններ անելու, որովհետև մի քանի տարի է սպասում են լավ բանի, բայց այդ լավը դեռ չկա։ Ի վերջո պետք է չմոռանալ, որ Շիրակը սոցիալապես ամենաանապահով մարզն է»,-ասել է պատգամավորը։
Վերջում պատգամավորը գյումրեցիներին հորդորեց անպայման մասնակցել ընտրությանը և իրենց քվեարկությամբ ապացուցել, որ դավաճանությունը Հայաստանի Հանրապետությունում տեղ չունի։
ՀՀԿ-ն մասնակցելու հստակ որոշում չունի, բայց մամուլում թեկնածուների անուններ են շրջանառվում՝ Կարապետ Պողոսյան և Գագիկ Ադամյան։
ABC media-ն զրուցել է Կարապետ Պողոսյանի հետ՝ պարզելու, արդյոք հավակնում է Գյումրու ղեկավար դառնալ։
«Անկեղծ ասած, այս պահին մտածում եմ՝ իմաստ չունի մասնակցությունը, քանի որ թեկնածուների, այն էլ ընդդիմադիրների պակաս չկա։ Մտածեցինք, որ այս պահին իմաստ չունի որոշակի ռեսուրս ծախսել, ավելի լավ է տրամադրվենք ու մտածենք այս չարիքից հրաժարվելու մասին»,-ասել է Պողոսյանը։
Պողոսյանը դժվարանում է ասել, թե ինչպես կդասավորվի քաղաքի ապագան, նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ ըստ սոցիալական հարցումների՝ ընտրությանը մասնակցողների թիվը չի գերազանցում 20 տոկոսը։
«Ես կցանկանայի ու ավելի նախընտրելի կլիներ, որ ընդդիմությունը մեկ ընդհանուր թեկնածուով ներկայանար, բայց, ինչպես նկատեցիք, չստացվեց։ Հաստատ կստացվի ընդդիմությանը՝ Նիկոլի իշխանությունը Հայաստանում տապալել, ես դրան սկսել եմ հավատալ։ Իրականում սա ավելի կարևոր է, ՏԻՄ ընտրությունն ուզեք չուզեք, չի կարող ունենալ համապետականի ազդեցությունը։ Իմ ունեցած սոցհարցումների արդյունքում անցած տարեվերջին կար մասնակցության շատ ցածր ցուցանիշ»,-նշեց նա։