
Փաշինյանը շուտով փոխելու է կոշիկներն ու զանգելու է Պուտինին. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ կետերով
- 2019-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը «կինոյի տղան է»՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Սա, մեծ հաշվով պատերազմի կոչ էր, Փաշինյանն իրեն դրեց կովկասյան «Ռեմբոյի» տեղը։ «Ռեմբոն» պատերազմից հետո վերածվեց «Գիքորի»։
- Դիվանագիտական արվեստը չուգունե գլխով պատ ջարդելը չէ, այլ պատի մեջ դուռ գտնելը:
- Փաշինյանը շուտով փոխելու է իր կոշիկներն ու զանգելու է Պուտինին:
- Ես չէի խոսում, իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավական հաճախ խոսում և հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ։ Սա էր իրավիճակը, ունենք այն, ինչ ունենք, և այսօր, չնայած իմ բոլոր ջանքերին, կա մի մեծ զանգված, որ սպասում է իմ խոսելու։ Սա իմ չխոսելու պատճառներից պատճառներից մեկն է: Երկրորդ պատճառն այն էր, որ մի պահ մտածեցի՝ միգուցե ճի՞շտ է վարչապետին թողնել մեն-մենակ՝ իր ընտրազանգվածի հետ։ Մտածեցի, որ օգտակար կլինի, որ ինքը բացատրի 600 հազար վարչապետներին, թե ինչո՞ւ է իրենց կյանքը վատանում, թե ինչո՞ւ է կառավարությունը մտնում իրենց գրպանը, թե ինչո՞ւ են իրենք դարձել տուգանքի մատերիալ, թե ինչո՞ւ կառավարությունը խրվել է կոռուպցիայի մեջ և ինչո՞ւ է իրենց աղքատությունն իրենց ուղեղներում, իսկ քպ-ականների հարստությունն՝ իրենց սեյֆերում է։
- Ակնհայտ է, որ «ստապետությունը» ինչ-որ տեղ սկսել է յուղ վառել։ «Ստապետությունը» իմ բառը չէ, ձեզանից մեկն է այդ բառը բավական ակտիվ կիրառել վերջերս։ Ինչո՞ւ եմ որոշել մամուլի ասուլիս տալ հենց հիմա։ Բավական բան է փոխվում աշխարհում, բավական հետաքրքիր և ճակատագրական, իմ տպավորությամբ, զարգացումներ են տեղի է ունենում, նախագահ Թրամփը ուղղակի ապամոնտաժում է նեոլիբերալ աշխարհակարգը և այն գործիքակազմը, որով այդ գաղափարախոսությունը առաջ էր մղվում աշխարհով մեկը։ Սա իսկապես մեծ փոփոխություններ է բերելու, եթե լինեն հետևողական։ Իմ տպավորությունը նա է, որ բավականին վճռական է տրամադրված։ Եվ դրա հետ կապված մենք մտել ենք մի ժամանակահատված, որը անկասկած անկայունության մեծ բաղադրիչ է ունենալու, բայց պոզիտիվ սպասելիքներով։