
ԱՄՆ-ն զիջումների է գնացել ՌԴ-ին դեռևս բանակցությունների սկսվելուց առաջ․ Նիդեռլանդների ՊՆ
Ամերիկացիները զիջումների են գնացել դեռևս ուկրաինական բանակցությունների սկսվելուց առաջ, քանի որ Ռուսաստանն այժմ շատ ավելի լավ դիրքերում է մարտի դաշտում. նման կարծիք է հայտնել Նիդեռլանդների ՊՆ ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը Buitenhof հեռուստատեսային հաղորդման եթերում։
Նրա խոսքով՝ դա «արտացոլում է այն փաստը, որ Պուտինը ներկայումս ավելի ուժեղ դիրքերում է, քան՝ Զելենսկին»։ Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ընդգծել էր, որ Ուկրաինայի սահմաններին վերադարձն այնպիսին, ինչպիսին եղել է 2014 թվականին, անիրատեսական նպատակ է։ Նա նաև փաստացիորեն բացառել էր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը և զգուշացրել Եվրոպային, որ պետք է հոգ տանի իր անվտանգության մասին։ Դրանից հետո Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Եվրոպան տեղ չի ունենա բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Բրեկելմանսի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաների այս հայտարարությունները «դաժան իրականություն» են։
«Սա պայմանավորված է նրանով, որ եվրոպական երկրները ներկայումս չեն կարողանում համարժեք նշել, թե ի՞նչ են ուզում և ի՞նչ կարող են առաջարկել»,- ընդգծել է նախարարը։ Այս համատեքստում՝ նա պաշտպանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կոչը, որով եվրոպական երկրները պետք է տեղ զբաղեցնեն բանակցությունների սեղանի շուրջ։ Եվրոպան չպետք է բողոքի, այլ հստակ ցույց տա ամերիկացիներին, թե ինչի է ընդունակ ռազմական առումով, կարծում է Նիդեռլանդների Պաշտպանության նախարարության ղեկավարը։