
Խաղաղություն` հանքերի գնով. ինչի՞ շուրջ կպայմանավորվեն Պուտինն ու Թրամփը
Genesis Արմենիա ուղեղային կենտրոն հիմնադրամը հրապարակել է քգթ Աբրահամ Գասպարյանի և պատմաբան Արմեն Սարգսյանի` Խաղաղություն` հանքերի գնով. ինչի՞ շուրջ կպայմանավորվեն Պուտինն ու Թրամփը վերնագրով հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև․
Աշխարհում ստեղծված կոնֆլիկտային վիճակը բոլորը փորձում են օգտագործել իրենց օգտին` շահեկան դիրքում հայտնվելու համար, որը չես կարող ասել ՀՀ ներկայիս իշխանության մասին։
Ամեն ինչ պտտվում է Մերձավոր Արևելքի ու Եվրասիայի շուրջ, և Սիրիան ռուս-ամերիկյան ազդեցությունների բաշխման միակ կետը չէ: Սիրիային զուգահեռ կա կազմաքանդված Ուկրաինա, որը նոր աշխարհակարգի ձևավորման գլխավոր շարժառիթն է հանդիսանում, Հարավային Կովկաս և այլն: Մոտակա մի քանի ամսվա ընթացքում ռուս-ամերիկյան հակասությունները հիմնականում կարգավորվելու են, և փաստը մնալու է այն, որ միակ անդառնալի կորուստներ ունեցողը ուկրաինացի ժողովուրդն է՝ իր անհեռատես ղեկավարության «շնորհիվ», որը տրվելով ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու սին խոստումներով պարուրված պատրանքներին, զոհաբերեց սեփական պետությանը։ Ռուսաստանից հետո Ուկրաինան իր տարածքով երկրորդն է Եվրոպա աշխարհամասում։ Մի պետություն, որն ուներ աշխարհի ցորենի զամբյուղի 12 տոկոսը, արևածաղկի ձեթի 50 տոկոսը, բացառիկ խոշոր հանքավայրեր, և այժմ կորցրել է տարածքի 1/5-րդը, օգտակար հանածոների մեծ պաշարները, ունի հարյուր հազարավոր զոհեր, 12 միլիոն փախստական ու միգրանտ տվեց Եվրոպային, գետնին հավասարեցրեց ենթակառուցվածքների մեծ մասը, ընկավ հսկա պարտքերի տակ, զրկվեց իր տրիլիոնների հարստությունից՝ հազվագյուտ մետաղների պաշաներիցից, որից ստացված գումարներով կարող էր վերականգնել ավերված Ուկրաինան, այժմ կանգնած է աշխարհի քաղաքական քարտեզից անհետանալու սպառնալիքի առջև, ինչ է թե իր ընտրած ղեկավարը և նրա թիմը հավատում էին, որ Ռուսաստանի քթի տակ կարող էին ՆԱՏՕ և ԵՄ անդամ դառնալ, կամ որ ավելի վատն է՝ հավատում էին, որ Ամերիկան պատերազմի մեջ կներքաշվի Ռուսաստանի դեմ և կռիվ կտա ուկրաինական ժողովրդավարության համար:
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, որքան էլ առերևույթ ունենան խորքային հակասություններ, որքան էլ արտաքին աշխարհի համար դրանք ուռճացնեն ու վիճակը թեժացնեն, աշխարհի երկու հզորագույն պետություններն էլ առաջնորդվում են ոչ թե համակրանքով կամ հակակրանքով, այլ կենսական, ռազմավարական շահերի ապահովման տրամաբանությամբ և հարցերը կարգավորում են բացահայտ կամ գաղտնի դիվանագիտության միջոցով։ Գերտերությունները մտնելով մեծ պատերազմների մեջ, կրելով հեղինակության, նյութական ու տնխնիկական ահռելի վնասներ, իրականում պատերազմում են՝ բացառապես ավելացնելու սեփական ազդեցությունը, տարածքները, և ավելի երկարաժամկետ դարձնելու ռեսուրսների օգտագործումը՝ շահեկան դուրս գալու համար։ Աբսուրդ է մտածել, թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի միլիարդավոր դոլարները անիմաստ են ծախսվել, և նախօրոք կանխատեսված չէր դրանց վերադարձը, այլապես չէին «թաթախվի» ուկրաինական ճահճում, եթե իրենց ծախսած գումարների նվազագույնը տասնապատիկը (օր․ ԱՄՆ–ի ներդրումը ավելի քան 35 միլիարդ դոլար է) չնախատեսեին վերադարձնել։ Հիմա առաջնայինը Թրամփ-Պուտին բանակցությունն է, որի հաջողությունը դրականորեն կարող է անդրադառնալ բոլոր ռեգիոնների վրա: Միակ տուժողը, ցավոք, Ուկրաինան է լինելու, որը քաղաքական և տնտեսական կոմայի մեջ է մնալու առաջիկա տարիների ընթացքում, իսկ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ի մյուս անդամները վճարելու են Զելենսկիի անհավասարակշիռ կեցվածքի, ոչ ադեկվատ պահվածքի, ճակատագրական արկածախնդրության համար:
ԱՄՆ նոր նախագահը խոսեց Ուկրաինայի ահռելի պարտքի մասին. բնական է, Թրամփը պարտքի մարումը առաջին հերթին տեսնում է Ուկրաինայի այն հազվագյուտ մետաղներով, որոնք օգտագործվում են համաշխարհային ռազմարդյունաբերության, բարձրագույն տեխնոլոգիաների, օդատիեզերական հետազոտությունների, հրթիռաշինության, սուզանավերի, ռադարների, էլեկտրամոբիլների, էլեկտրոնային սարքավորումների, կործանիչների արտադրության ոլորտում: Աշխարհում այդ հազվագյուտ մետաղներին տիրապետում է հիմնականում 3 պետություն` Ռուսաստանը, Չինաստանն ու Ուկրաինան: Չինաստանի ձեռքում է այդ մետաղների ավելի քան 90 տոկոսը: Ամերիկյան ռազմարդյունաբերական ձեռնարկություններն այդ մետաղների 80 տոկոսը ներկրում են Չինաստանից, և եթե Պեկինը որոշի կոշտ արձագանքել Վաշինգտոնի հետ առևտրային սահմանափակումներին, ապա աշխարհում շատ բան կարող է փոխվել: Դա հիմնական պատճառներից է, որ ամերիկյան ոչ մի վարչակազմ հարաբերություններն այնքան չի սրում Չինաստանի հետ, որ տրորվեն երկկողմ կարմիր գծերը: Ի դեպ, անցած շաբաթ Չինաստանն ընդունեց օրենք, որով սահմանափակվում է այդ հազվագյուտ մետաղների արտահանումը։
Ուկրաինան ունի 10 տրիլիոն դոլար արժողությամբ հազվագյուտ մետաղներ։ Այդ գումարով հնարավոր է նոր Ուկրաինա կառուցել, և պատերազմի հետևանքով գետնին հավասարեցված ենթակառուցվածքները վերականգնել: Պատերազմը մինչև օրս Ուկրաինայի վրա, ըստ համաշխարհային բանկի տվյալների, արժեցել է ավելի քան 500 միլիարդ դոլար, որից 150 միլիարդը՝ միայն ոչնչացված ենթակառուցվածքներն են: Ռուսաստանն այս պատերազմում կարողացավ ձեռք բերել հազվագյուտ մետաղների հանքերի 70 տոկոսը։ Թրամփը պահանջում է մնացած 30 տոկոսը՝ որպես հատուցում ամերիկյան պարտքին (60 միլիարդ դոլար)։ Ասինքն՝ Վաշինգտոնը պահանջում է 30 տոկոս հազվագյուտ մետաղ, որի շուկայական արժեքն այսօր 3 տրիլիոն դոլար է՝ իր տրամադրած պարտքի դիմաց։ Թրամփը նաև շեշտեց, որ Ուկրաինան մի օր կարող է Ռուսաստան դառնալ։
Փաստ է, որ Մեծ պետություններն իրար հետ մի քիչ ցուցադրական կռվում են, պատժամիջոցներ կիրառում, բայց ի վերջո գալիս են համաձայնության։
Ներկայումս Պուտինը հարցի կարգավորման ուղղությամբ առաջ է քաշել 7 պայման, և որոնց շուրջ, կարծես, Վաշինգտոնն ունի նախնական համաձայնություն, իսկ Թրամփը առաջ է քաշել 4 պայման Ռուսաստանի հետ բանակցությունների նախաձեռնման համար: Դրանք են.
- օգտակար հանածոների տրամադրումը,
- Ուկրաինայում պարտադիր զինապարտության տարիքի շեմը 25-ից 18 դարձնելը,
- նոր նախագահի ընտրությունը
- այսուհետև ոչ մի օգնություն Ուկրաինային:
Այս պայմաններից նվազագույնը 2-ը համկընկնում են Մոսկվայի պահանջների հետ: Իսկ Զելենսկին արդեն քաջ գիտակցում է, որ հաղթող Ռուսաստանի հետ բանակցության սեղանին նստելը նշանակում էբանակցել կապիտուլյացիայի պայմանների շուրջ: Իսկ ի՞նչ է պահանջում Ռուսաստանը իր առաջ քաշած 7 պայմանով․
- Ուկրաինան հայտարարում է, որ չի անդամակցելու ՆԱՏՕ-ին,
- Ուկրաինան հրաժարվում է բոլոր այն տարածքներից, որոնք գրավվեցին պատերազմի ընթացքում (դրանք, ի դեպ, այն տարածքներն են, որտեղ էլ գտնվում են այդ հազվագյուտ մետաղների 70 տոկոսը՝ շուկայական 7 տրիլիոն դոլար արժողությամբ),
- նախագահի նոր ընտրություն,
- ուկրաինական զենքի սահմանափակում և վերահսկում,
- Ուկրաինան հայտարարում է չեզոքություն, այսինքն՝ ոչ մի ռազմաքաղաքական դաշինքի չի անդամակցում,
- Ուկրաինան չի կարող հետպատերազմյան իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի միջուկային արսենալից ոչ մի կտոր` հրթիռ, զենք, ինչպես Լեհաստանը, Ռումինիան կամ բալթյան երկրները:
- եվ ամենանվաստացնողը՝ եթե Կիևը որոշի անցկացնել կամ մասնակցել որևէ զորավարժության, ապա պետք է տեղեկացնի Մոսկվային և ստանա համաձայնություն:
Ընդհանրացում․ ստացվում է՝ Ուկրաինան ներքաշվեց կործանարար պատերազմի մեջ, կորցրեց ամեն ինչ, մեծ պետությունները առևտուր արեցին, մի քիչ էլ ծափ տվեցին ինքնիշխան Զելենսկիին, վերջում էլ լավություն վաճառեցին, բարի թագավոր խաղացին՝ եթե ուզում ես առհասարակ Ուկրաինայից ինչ-որ բան մնա, զիջիր, հանձնիր, համակերպվիր բոլոր կորուստներիդ հետ։ Փաստորեն, պատերազմն ավարտելուց հետո Ուկրաինան կունենա ավելի սահմանափակ ինքնաշխություն, որի համար պայքարել էր: Ցավոք, Հայաստանը, կարծես դասեր չքաղելով, շարժվում է գրեթե Ուկրաինայի այս կործանարար ուղիով՝ վտանգի տակ դնելով պարզապես ինքնիշխանությունը։ Դաժան իրողություն է:
Գերտերությունների ընդհանրական հավակնությունները Սյունիքում։
Սյունիքը ևս իր հանքավայրերով գրավում է գերտերությունների ուշադրությունը: Այսպես, Սյունիքի մարզում կա 100.000 տոննա ուրանի հանքավայրեր, որը մոտովորապես նույնն է, ինչ ամբողջ հսկայական Ռուսաստանում, պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների գրեթե 7 տոկոսը։ Ամբողջ աշխարհում կա մոտ 11.500.000 տոննա մոլիբդեն, որից մոտ 800.000 տոննան գտնվում է Սյունիքում, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 15 միլիարդ դոլլար։ Սա Հայաստանի 50 տարվա բյուջեն է, եթե հաշվարկենք այսօրվա վիճակով։ Սյունիքի մարզում կա 1․5 միլիարդ տոննա երկաթ, որը կազմում է մոտ 883 մլրդ դոլլար՝ Հայաստանի մոտ 3000 տարվա ռազմական բյուջեն։ Մարզում կա 4 միլիոն տոննա պղինձ, որը կազմում է մոտ 36 մլրդ դոլլար։ Մարզն ունի 238 տոննա մաքուր ոսկու և 16 միլիոն տոննա ոսկու հանքաքարի պաշարներ, որի արժեքը մոտ 13 միլիարդ դոլար է միայն մաքուր ոսկու կտրվածքով՝ չհաշված ոսկու հանքաքարի պաշարները։ Բացի այդ, մարզում կան ալյումինի, պլատինի, մկնդեղի, անտիմոնի, սնդիկի, ցինկի վոլֆրամի, տիտանի, քարածխի, տորֆի, բյուրեղների, ադամանդի և այլ հսկայական հանքավայրեր։ Հայաստանի հանքային ջրերի 50 տոկոսից ավելին գտնվում է Սյունիքի մարզում։
Սյունիքը նաև քաղաքական առումով Մեծ Թուրանի իրականացման հիմնական խոչընդոտն է, քանի որ այն բաժանում է Թյուրքիան Ադրբեջանից և կենտրոնական Ասիայի թուրքական հանրապետություններից։
Սյունիքի մարզը աշխարհագրական այն միակ տարածքն է, որն Իրանը (իսկ նրա միջոցով նաև Հնդկաստանը, որտեղ ապրում է ավելի քան 1.5 միլիարդ մարդ՝ աշխարհի մարդկության 20 տոկոսը), կապում է Եվրոպայի հետ՝ շրջանցելով Թուրքիան, այլապես, Սյունիքի կորստով նրանք աշխարհաքաղաքական կախվածության մեջ կհայտնվեն Թուրքիայի գլխավորած «Թուրքական աշխարհից»։
Սրանք են հիմնական գործոնները, որ Սյունիքն այդքան մեծ նշանակություն ունի գերտերությունների և տարածաշրջանի պետությունների համար։
Հիշենք, Նժդեհը իր մարտիկների միջոցով փրկեց Սյունիքը՝ պայքարելով Թուրքիայի, Ադրբեջանի և Խորհրդային Ռուսաստանի դեմ, դրա համար էլ Նժդեհը մինչև հիմա «պերսոնա նոն գրատա» է այս երեք երկրներում։ Մենք իրավունք չունենք մեր իշխանությունների անհեռատես քաղաքականությամբ կորցնել մեր հայրենիքի «ադամանդը»։