
Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը և Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մանրամասներ են ներկայացրել վերջինի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին։
«Հենց մտանք քննչական, մեզ ներկայացվեց, որ դատախազը որոշում է կայացրել Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
490 հոդվածով է առաջադրվել մեղադրանքը։ Էդգար Ղազարյանի հրապարակային խոսքից որոշ դրվագներ են վերցրել և դարձրել մեղադրանքի հիմք։
Էդգար Ղազարյանն ասել է հետևյալ խոսքերը, օրինակ ՍԴ հայտնի որոշումից հետո, որից հետո ՍԴ-ն չեզոքացրեց Անկախության հռչակագիրը, Էդգար Ղազարյանը հանդես է եկել խոսքերով, որ ՍԴ դատարանի դատավորները այս որոշումը կայացնելով կամ տգետ են կամ դավաճան։
Էն խոսքն է վերցված, որ Վահե Գրիգորյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։ էսպիսի արտահայտություններ, ոչ հայհոյանք, ոչ վիրավորանք, բացառապես քննադատութոյւն։
Խափանման միջոցի մասին․ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող երկրից դուրս գալ, իսկ մյուսը՝ վարչական հսկողություն սահմանելու մասին է, որը շատ լայն հասկացություն է, որը կարող է ներառել ինչպես որևէ գործողություններ չկատարել, այնպես էլ օրական այսքան ժամանակից ավելի տնից դուրս չգալու մասին։
Վաղը լինելու է դատական նիստ՝ վարչական հսկողության մասին»,- հայտնել է Ռուբեն Մելիքյանը։