
ՀՅԴ Հոլանդիայի կառույցները մերժում են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին
ՀՅԴ Հոլանդիայի կառույցները հայտարարություն են տարածել, ըստ որի, մերժում են հանդիպել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ.
«Փետրվարի 17-ից 20-ին այսպես կոչված «աշխատանքային այցով» Նիդեռլանդներ է ժամանել Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Այս այցելության ընթացքում նա հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքներում:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Նիդեռլանդների ամբողջ ընտանիքը, իր Հայ Դատի, երիտասարդական միավորներով, ուղեկից միություններով՝ ՀՄԸՄ, ՀՕՄ, ինչպես նաև իրեն ենթակա կառույցներով մերժեց որևէ հանդիպում ունենալ նրա հետ:
Այս բոյկոտի պատճառը հստակ է ու միանշանակ: Հանձնակատարը ուղղակի դրածոն է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա կամակատարը: Պատերազմի խայտառակ պարտություն բեմադրած, նոյեմբերի 9-ի դավադիր անձնատվություն ստորագրած, թշնամուն հայրենի հող զիջած, թուրքի հետ առանց նախապայմանի սիրաբանության անցած, ազգը պառակտած, Սփյուռքի քայքայման ուղղությամբ գործող, Հայ Դատը ուրացող անձը և նրա կամակատարները տեղ չունեն մեր հարկի տակ, ինչպես նաև մենք չունենք փոխանակման որևէ թեմա նրանց հետ:
Ավելին․ Սինանյանը իր պաշտոնին նշանակման առաջին իսկ օրից գործել է Սփյուռքի ավանդական կառույցները քանդելու և բաժանելու ուղղությամբ, որը կազմում է իր իշխանության դավադիր ծրագիրներից մեկը: Սփյուռք մէջ նա զօրակցություն ստացավ, աշխատեց ու տակավին շարունակում է աշխատել նորաբույս, ինքնակոչ միությունների հետ, որոնք ոչ մի ներդրում չունեն կամ ունեն համայնքից ներս և հավակնում են վերցնել գաղութի ղեկը և շրջանցել ավանդական կառույցները, որոնց տասնամյակների վաստակը անժխտելի է:
Ազգին ու Հայրենիքի համար չարիք հանդիսացող իշխանության հեռացումը մնում է մեր միակ պահանջը:
ՀՅԴ «Արամ Մանուկյան» Կոմիտե», – ասվում է հայտարարության մեջ։