
Ադրբեջանում փակվել են մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցչությունները
Ադրբեջանում փակվել են BBC-ի և Russia Today-ի (Sputnik-Ադրբեջան) ներկայացուցչությունները․ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Ըստ ԱԳՆ ներկայացուցչի՝ հավատարմագրումը հնարավոր է միայն մեկ թղթակցի տեսքով։ Միաժամանակ Հաջիզադեն նշել է, որ չեղյալ է հայտարարվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցային հավատարմագրումը։
«Sputnik Ադրբեջանը» մեդիա կառույց է, որը գործում է ռուսական «Россия Сегодня» պետական գործակալության կազմում։ Գործակալությունը, որն Ադրբեջանում սկսել է գործել 2015 թվականի մայիսին, ազգային և համաշխարհային նորությունները ներկայացրել է ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով։
2025 թվականի փետրվարին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նախատեսվում էր փակել Sputnik Ադրբեջանի ներկայացուցչությունը Բաքվում կամ զգալիորեն կրճատել աշխատակիցների թիվը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «այս որոշումը կայացվել է Ադրբեջանի և Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունների փոխադարձ ներկայացվածության մեջ առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով»։
«Ամերիկայի ձայնը» Միացյալ Նահանգների կառավարության միջազգային մուլտիմեդիա լրատվական գործակալություն է, որը նախատեսված է օտար լսարանի համար: 1942 թվականից գործող կազմակերպությունը նորություններ, զեկույցներ և վերլուծություններ է տրամադրում ավելի քան 40 լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն։
Ավելի վաղ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար և հայտնի ձեռնարկատեր Իլոն Մասկն առաջարկել էր փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»: