25 Փտր
2025
-1.6° c ԵՐԵՎԱՆ
-0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ մի քանի երկրներ և ԵՀ-ի ղեկավարը դեմ են արտահայտվել ռուսական ակտիվները Կիևին փոխանցելուն. Politico

ԵՄ մի քանի երկրներ և ԵՀ-ի ղեկավարը դեմ են արտահայտվել ռուսական ակտիվները Կիևին փոխանցելուն. Politico

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դեմ են ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները Կիևին տրամադրելուն, քանի որ դրանք համարում են պոտենցիալ առավելություն հնարավոր խաղաղ բանակցություններում և վախենում են, որ այդ քայլը կվախեցնի օտարերկրյա ներդրողներին․ հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Եթե ակտիվներն ապասառեցվեն և տրվեն Ուկրաինային, ապա ԵՄ-ն այլևս չի ունենա դրանք և չի կարողանա օգտագործել որպես սակարկության միջոց», – նշել է ԵՄ-ի անանուն դիվանագետը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Էստոնիան, որը խոսքով հանդես է գալիս Ուկրաինային օգնության արագ փոխանցման օգտին, իրականում առաջարկում է ակտիվներն օգտագործել որպես ճնշման լծակ։ Ըստ Politico-ի՝ Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան փետրվարի 24-ի արտգործնախարարների հանդիպման համար նախապատրաստված փաստաթղթում գրել է, որ «ակտիվների շարունակական պահպանումը ծառայում է որպես ֆինանսական և դիվանագիտական լծակ՝ ապահովելու, որ Ռուսաստանը հստակ, շոշափելի դրդապատճառ ունենա՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի հարցի կարգավորման և փոխհատուցման համար»:

Մյուս երկրներն առաջարկում են այդ գումարն օգտագործել Ուկրաինայի հետկոնֆլիկտային ապագա վերականգնման համար: «Շատերը դեմ են ակտիվների ապասառեցմանը, քանի որ դա համարում են վերականգնման համար նախատեսված գումար», – նշել է ԵՄ մեկ այլ դիվանագետ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը հակասում է միջազգային իրավունքին, որը պետք է հարգվի։

Եվրամիությունը, Կանադան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի ակտիվները՝ մոտ 300 միլիարդ դոլար արժողությամբ այն բանից հետո, երբ Մոսկվան սկսել է հատուկ ռազմական գործողությունը: Դրանցից մոտ 5-6 միլիարդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում, իսկ մեծամասնությունը՝ Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայի միջազգային Euroclear հարթակում (որտեղ պահվում է 210 միլիարդ դոլար):