
Խորհրդաժողով, արշավներ, հայտարարություններ. ի՞նչ են արել ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները՝ Բաքվում հայ գերիների ազատ արձակման համար
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը խոսել է Բաքվում հայ ռազմագերիների շինծու դատավարության և Հայ դատի հանձնախմբերի կատարած աշխատանքի մասին:
Նա հիշեցրել է, որ COP29-ից առաջ շատ լայն արշավ են իրականացրել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակման պահանջով:
«Ոչ միայն Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը, ամբողջ աշխարհում մեր ունեցած ցանցը, նաև «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակը, որը մեր նախաձեռնությամբ է հիմնվել, շատ կարևոր գործունեություն իրականացրեց: Օրինակ՝ ստորագրվեց մեր կողմից պատրաստված հայտարարություն, որով Ադրբեջանից պահանջում էինք ազատել գերիներին, դադարեցնել հայկական մշակութային կոթողների քանդումն ու ՀՀ–ի դեմ ուղղված սպառնալիք դադարեցնելը: Հայտարարությունները ստորագրեցին 52 պատգամավոր, որոնցից 45–ը բարձրաստիճան պաշտոնյաներ են խորհրդարաններում: Բելգիայի ֆրանսախոս կուսակցություններից 4–ը, որ կառավարության անդամն են, իրենց նախագահներն ու պատգամավորները ստորագրեցին: Դաշնային խորհրդարանի նախագահը ստորագրեց: Բացի այդ, պատգամավորները մեր նախաձեռնությամբ նամակներ ուղարկեցին Ադրբեջանի դեսպանին՝ պահանջելով ազատ արձակել Բաքվի հայերին և դա զայրացրեց Բաքվի դեսպանին: Ինքը նաև հակազդեց ոչ ադեկվատ կերպով, ինչը մեզ համար լավ էր, քանի որ ցույց էր տալիս իրենց մոտեցումները»,–ասել է Կարապետյանը:
Նա հիշեցրել է, որ Եվրախորհրդարանում գերիների հարցով մեծ խորհրդաժողով է տեղի ունեցել, որի արդյունքներն արդեն փոխանցվել են նաև Եվրոպական միության արտաքին գերատեսչությանը: