
Ռուբենն ու մյուս տղերքը Բաքվի բանտերում են, քանի որ ՀՀ-ում իշխանությունը տեր չկանգնեց իր քաղաքացուն․ Աբրահամ Գասպարյան
Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Բաքվում պահվող հայ գերիների խոշտանգումների մասին։
«Թույլ խոսքի ջատագովն ու կրողը չեմ, որ հոգու սփոփանք զգամ՝ դատապարտելով քաղաքակրթական դեռատի սուբյեկտի՝ Ադրբեջանի վայրագ, քինախնդիր, անվրեպ տոտալիտար ու հակամարդկային պահվածքը։
Բայց կա՞ ՀՀ պետական ապարատում գեթ մեկ տղա, մեկ հայ մարդ, որին կհուզի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցող ծաղրը, անասնական պահվածքը»,-գրել է նա։
Գասպարյանի խոսքով՝ Բաքվում ոչ թե Ռուբեն Վարդանյանին են դատում ու խոշտանգում, այլ նսեմացնում են ամբողջ հայությանը, գովերգում մեր պառակտվածությունը, ծաղրում սնափառությունը։
«Ռուբենն ու մյուս տղերքը Բաքվի բանտերում են, քանի որ ՀՀ-ում իշխանությունը զավթած խունտան՝ հայության քաղաքական քաղցկեղը, տեր չկանգնեց իր քաղաքացուն, հային։ Մնացած «փաստարկները» լոլոներ են, գործող իշխանության էությանը համահունչ»,-գրել է քաղաքագետը։