
Ցեղասպանության կանխարգելման ջատագով աշխարհը պիտի դատապարտի Սումգայիթի ոճրագործությունն ու դատի հանցագործ Ադրբեջանին
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի մասին։ Հայտարարությունն ամբողջութամբ ներկայացնում ենք ստորև․
«1988թ․ փետրվարի 27-29 Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթում ադրբեջանական պետական իշխանությունը կազմակերպեց քաղաքի հայ բնակչության ցեղասպանություն և զանգվածային տեղահանություն։ Հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործության նպատակը արցախյան շարժումը կասեցնելն էր, հայերին ահաբեկելը՝ նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով։ Սա նույն ձեռագիրն էր, ինչ աշխարհի քաղաքական քարտեզին նոր հայտնված միավորը՝ Ադրբեջանը, իրականացրեց Արցախում 1920, 1923 թվականներին և ԽՍՀՄ կազմաքանդման տարիներին՝ Գանձակում, Բաքվում և Մարաղայում, որոնց հետևանքով խորհրդային այդ երկրի տարածքն աստիճանաբար լքեց 400.000 հայ:
Սումգայիթյան ոճրագործության՝ «մահ հայերին» ործելաոճի տրամաբանության շարունակությունն այսօր տեսնում ենք Բաքվում, որտեղ ապօրինաբար դատվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու հայ գերիները։
Անկախ այդ պետության կառավարման ձևից, ղեկավարների տարբերությունից, Ադրբեջանը երբեք չի փոխել իր հայասպան ձեռագիրն ու էթնիկ զտման քաղաքականությունը, որի շրջանակում է պետք նաև դիտարկել ԽՍՀՄ տարիներին հակահայկական ժողովրդագրական քաղաքականությունը, Նախիջևանի հայաթափումը, 95 տոկոս հայերով բնակեցված Արցախի աստիճանական դատարկումը: Արցախի հայկականության պահպանման միակ ելքը ազատագրական պատերազմն էր՝ 1991-1994 թթ. և ԽՍՀՄ կազմից ԼՂԻՄ դուրս բերումը, Արցախի Հանրապետության հռչակումը՝ ԽՍՀՄ և միջազգային օրենքների տառին և ոգուն համապատասխան։
Սումգայիթի ոճրագործության դասը մեկն է՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի ցանկացած տարբերակ բերելու է նոր ցեղասպանության։ Ցեղասպանությունների կանխարգելման ջատագով միջազգային հանրությունը պարտավոր է հստակ իրավաքաղաքական գնահատական տալ Սումգայիթի և Ադրբեջանի այլ շրջաններում հայության նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, հատուցել տեղահանված հայերի գույքի և սեփականության համար, միջազգային դատարանի որոշումներով՝ պարտավորություններ սահմանել Ադրբեջան պետության նկատմամբ»։